ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ա. Մարտիրոսյանը հանդիպել է Ղրղզստանի ՄՏՍԵ քաղաքականության նախարար Ա. Ժամանկուլովի հետ
Ղրղզստանի Չոլպոն-Ատա քաղաքում Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին զուգահեռ կայացած ԱՊՀ և ԵԱՏՄ առաջին երիտասարդական ֆորումի շրջանակում տեղի է ունեցել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանի և Ղրղզական Հանրապետության մշակույթի, տեղեկատվության, սպորտի և երիտասարդական քաղաքականության նախարար Ազամատ Ժամանկուլովի հանդիպումը։
Հանդիպմանը ներկա է եղել նաև Երիտասարդական քաղաքականության, լրացուցիչ և շարունակական կրթության վարչության պետի պարտականությունները կատարող, ԱՊՀ և ԵԱՏՄ առաջին երիտասարդական ֆորումի կազմկոմիտեի անդամ Վերոնիկա Խորասանյանը։
Ողջունելով ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալի և նրա գլխավորությամբ հայկական պատվիրակության այցը Ղրղզստան և կարևորելով երկու երկրների միջև երիտասարդության ոլորտում հնարավոր համագործակցության ուղիների ձևավորումը և զարգացումը՝ Ա․ Ժամանկուլովը նշել է, որ երիտասարդությունը յուրաքանչյուր երկրի ապագան է, և ում այսօր անվանում ենք երիտասարդներ, առաջիկայում հենց նրանք են որոշելու երկրի ճակատագիրը։
«Պետության դերակատարումը երիտասարդներին օգնելն է՝ դառնալու ստեղծարար և բարձրակարգ մասնագետներ։ Եվ այս ֆորումն իր տեսակով յուրահատուկ երկխոսության հարթակ է, ուր մասնակից երկրների բարձրաստիճան պաշտոնյաները, երիտասարդները և պետական աշխատողները հանդիպել են՝ քննարկելու և մշակելու այնպիսի նախագծեր, որոնք կհամախմբեն ԱՊՀ և ԵԱՏՄ անդամ պետությունների երիտասարդներին՝ նպաստելու երկրների առավել սերտ ինտեգրացմանը և զարգացմանը»,- ասել է Ղրղզստանի նախարարը։
Արթուր Մարտիրոսյանը, կիսելով Ղրղզստանի նախարարի տեսակետը, նշել է, որ Հայաստանը և Ղրղզստանը համագործակցում են ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով՝ ի դեմս մի շարք կառույցների՝ ԱՊՀ, ԵԱՏՄ, ՀԱՊԿ շրջանակներում համագործակցության։ Նա ընդգծել է, որ ԱՊՀ-ԵԱՏՄ նոր ձևաչափով ֆորումի կազմակերպման ղրղզական նախաձեռնությունը կարող է դառնալ հետաքրքիր հարթակ ԱՊՀ և ԵԱՏՄ երկրների երիտասարդական կառուցների միջև համագործակցության զարգացման, ինչպես նաև երիտասարդական քաղաքականության ընդհանրական հարցերի շուրջ երկխոսության զարգացման համար։
«Ես վստահ եմ, որ ԱՊՀ և ԵԱՏՄ երկրներից այստեղ են հավաքվել ներկա և ապագա երիտասարդ առաջնորդները, ովքեր ասելիք և անելիք ունեն իրենց երկրների բարգավաճման, զարգացման և միջազգային հարթակներում լավագույն համագործակցության կառուցման գործում»,- ասել է ԿԳՄՍ նախարարի տեղակալը:
Արթուր Մարտիրոսյանը համոզմունք է հայտնել, որ անհրաժեշտ է ոչ միայն խոսել համագործակցությունից, այլև անհրաժեշտ է համագործակցել, և դրա համար պետք է օգտագործել հնարավոր բոլոր ռեսուրսները, կապերը, միջոցները, ձևաչափերը, հարթակները, ինչպիսին և այս երիտասարդական ֆորումն է։
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալը նաև շնորհակալություն է հայտնել նմանօրինակ ֆորումի կազմակերպման նախաձեռնության և այն սեղմ ժամկետներում բարձր մակարդակով իրականացնելու համար։
Հանդիպման ավարտին կողմերը փոխանակվել են հուշանվերներով, որին հետևել է կարճատև շրջայցը «Ռուխ Օրդո» մշակութային կենտրոնում տեղակայված ղրղզ հայտնի արձակագիր Չինգիզ Այթմատովի տուն-թանգարանում։
Կարծիքներ