«Սյունիքի մարզում կարևոր խնդիրներից մեկը կրթական որակյալ ծառայությունների հասանելիության ապահովումն է». Ժ. Անդրեասյան
Օգոստոսյան խորհրդակցությունների շրջանակում հերթական քննարկումը տեղի է ունեցել Սյունիքի մարզում, որը վարել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը:
Խորհրդակցությանը մասնակցել են Սյունիքի մարզպետի տեղակալ Հայկ Հարությունյանը, ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պետ Արսեն Բաղդասարյանը, ԿԶՆԱԿ տնօրենի պաշտոնակատար Արտաշես Թորոսյանը, ԿՏԱԿ տնօրեն Արտակ Պողոսյանը, մարզպետարանի Կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Մերի Գանդալյանը, Սյունիքի մարզի հանրակրթական և նախադպրոցական ուսումնական հաստատությունների տնօրեններ, մարզպետարանի, նախարարության, համայնքապետարանների պատասխանատուներ։
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը նախարարության անունից շնորհավորել է խորհրդակցության մասնակիցներին՝ նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ՝ նաև շնորհակալություն հայտնելով կատարած աշխատանքի համար. «Անելիքները շատ են․ երկրի առջև բազմապիսի մարտահրավերներ կան, ու այս առումով կրթության համակարգի յուրաքանչյուր ներկայացուցչի դերն ու նրա աշխատանքի որակն էլ ավելի մեծ կարևորություն է ստանում»:
Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է կրթական համակարգի մի շարք նորությունների` պարզաբանումներ ներկայացնելով կատարված օրենսդրական, վարչարարական փոփոխությունների, փորձարկվող կրթական նոր չափորոշիչների, առաջին անգամ անցկացվող ՆՈՒՀ-երի տնօրենների հավաստագրման գործընթացի, դպրոցների ֆինանսավորման կարգի փոփոխությունների և այլնի վերաբերյալ։
«Սյունիքի մարզում մեր շեշտադրումն ու կարևոր խնդիրներից մեկը կրթական որակյալ ծառայությունների հասանելիության ապահովումն է»,- նշել է Ժաննա Անդրեսայանը։
Նա տեղեկացրել է նաև, որ այս տարի ուսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացը կկազմակերպվի մարզերում՝ այդ նպատակով ԳԹԿ-ի կողմից ձևավորված քննական կենտրոններում:
Ներկաներին ողջունել է նաև փոխմարզպետ Հայկ Հարությունյանը՝ շնորհակալություն հայտնելով անցած ուսումնական տարին հաջող ավարտելու համար, քանի որ այն առաջին ուսումնական տարին էր, որը համավարակից ու պատերազմից հետո ունեցավ բնականոն ընթացք:
«Անկախ ստեղծված իրավիճակից՝ կարողացել ենք ճիշտ հունով տանել կրթական գործընթացները, որի ապացույցն ամփոփվող տարվա արդյունքներն են»,- ասել է Հայկ Հարությունյանը՝ կրթական բարեփոխումների համար շնորհակալություն հայտնելով նախարարի տեղակալին։
Մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Մերի Գանդալյանը ներկայացրել է Սյունիքի՝ անցած ուստարվա կրթական, մշակութային և սպորտային հաջողությունները, համակարգի ձեռքբերումներն ու գրանցած արդյունքները։
Մարզը 2020-2021 ուստարում ունեցել է 15 մեդալակիր, բուհ է ընդունվել 463 շրջանավարտ, նրանցից 105-ը՝ անվճար: Նախնական տվյալներով այս տարի Սյունիքում առաջին դասարան է հաճախելու 1550 աշակերտ:
Վարչության պետը շնորհակալություն է հայտնել այն դպրոցների տնօրեններին, ուսուցիչներին և աշակերտներին, որոնք 2021-2022 ուստարում բարձր արդյունքներ են ցուցաբերել առարկայական օլիմպիադաներում, գիտական ու մարզական մրցումներում:
Խորհրդակցության ընթացքում կրթական ու կազմակերպական առանձին թեմաների մասին խոսել են նախարարության տարբեր ստորաբաժանումների և կրթական ոլորտի պետական կազմակերպությունների ղեկավարները։
Հանդիպման ավարտին Ժաննա Անդրեասյանն ու ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչները պատասխանել են ներկաների հարցերին։
Կարծիքներ