ԱՄՆ-ն 40 մլն դոլար կհատկացնի Արգենտինային պաշտպանության համար
ԱՄՆ իշխանությունները 40 մլն դոլար կհատկացնեն Արգենտինային պաշտպանական կարիքների համար՝ օտարերկրյա պետություններին ռազմական օգնության ծրագրի շրջանակներում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին ասված է Արգենտինայում ԱՄՆ դեսպանության հաղորդագրության մեջ։
«Միացյալ Նահանգները հպարտությամբ հայտնում է, որ Արգենտինային տրամադրում է 40 միլիոն դոլար օտարերկրյա պետություններին ռազմական օգնության ծրագրի շրջանակներում՝ պաշտպանության արդիականացման օժանդակման համար: 2003 թվականից ի վեր առաջին անգամ է, որ Արգենտինան միջոցներ է ստանում ԱՄՆ-ի ռազմական օգնության ծրագրից», - նշված է ԱՄՆ դիվանագիտական ներկայացուցչության հաղորդագրության մեջ:
Դեսպանատանը հավելել են, որ օգնության տրամադրումն Արգենտինային թույլ է տալիս հատկացված միջոցները ծախսել «պաշտպանական արտադրանքի, ԱՄՆ-ում ուսուցման և ծառայությունների համար, ինչպես նաև բարելավել փոխգործակցությունն ԱՄՆ զինված ուժերի հետ»։
«Այդ օգնությունը կնպաստի Արգենտինայի ռազմական արդիականացման ջանքերին և կաջակցի երկրի կողմից F-16 գերձայնային կործանիչների ձեռքբերման հարցում», - նշված է հաղորդագրության մեջ:
Ըստ դեսպանատան՝ ԱՄՆ կառավարությունը սերտորեն համագործակցում է արգենտինացի գործընկերների հետ՝ հանրապետության անվտանգության և երկրների միջև պաշտպանական գործընկերության հետագա ամրապնդման համար՝ F-16 ծրագրի հովանու ներքո։
ԱՄՆ դեսպանության հայտարարությունը հնչել է այն բանից հետո, երբ ապրիլի 18-ին Արգենտինայի իշխանությունները ներկայացրել են որպես գլոբալ գործընկեր ՆԱՏՕ-ի հետ համագործակցելու հայտ:
Կարծիքներ