Վրաստանում Թուրքիայի դեսպանը կանչվել է արտաքին գործերի նախարարություն
Վրաստանում Թուրքիայի դեսպան Ֆաթմա Ջերեն Յազգանին հրավիրել են Վրաստանի արտաքին գործերի նախարարություն՝ հայտնում է infoteka24-ը:
Պատճառը աբխազական լրատվամիջոցների հաղորդագրություններն են: Դեկտեմբերի 22-ին աբխազական աղբյուները հաղորդել են, որ Թուրքիայի խոշորագույն բանկերը սկսել են սպասարկել Աբխազիայի Apra World ազգային վարկային քարտը, ինչպես նաև գործարկել են Ishbank-ի և Ziraat Bank-ի տերմինալները:
Դեսպանը հերքել է այս տեղեկությունը և հայտարարել, որ Թուրքիան ճանաչում է Վրաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, և «գրավյալ տարածքների» համար ֆինանսական ծառայություններ մատուցելու մասին համաձայնություն չի կարող լինել:
«Ինչ վերաբերում է բանկային քարտերին և ֆինանսական ծառայություններին, ապա այս հարցը դեռ օրակարգում է և ներառում է ռուսական քարտերի որոշակի խումբ, որոնք ծառայություններ են առաջարկում իրենց հաճախորդներին Թուրքիայում: Նրանք կարող են համաձայնություն ունենալ Սուխումում տեղակայված մեկ այլ ֆինանսական հաստատության հետ, որը չի կարող գործել Թուրքիայում: Այսօր մենք խոսեցինք մի խնդրի մասին, որն իրականում գոյություն չունի»,- դեսպանի խոսքն է մեջբերել վրացական առաջին հեռուստաալիքը:
Կարծիքներ