«Տնտեսական աճը կարողությունների զարգացման միջոցով». համաժողով ՄԿՈՒ հաստատությունների մասնակցությամբ

«Տնտեսական աճը կարողությունների զարգացման միջոցով». համաժողով ՄԿՈՒ հաստատությունների մասնակցությամբ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը Հայաստանի ամերիկյան համալսարանում այսօր մասնակցել է «Տնտեսական աճը կարողությունների զարգացման միջոցով» թեմայով համաժողովին: Միջոցառումը նվիրված էր Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի՝ ՈԱԱԿ-ի 15-ամյակին:

ՄԿՈՒ հաստատությունների մասնակցությամբ համաժողովի նպատակն է քննարկման առարկա դարձնել, թե ինչպես կարող է կրթական համակարգը նպաստել տնտեսական աճին, ինչպես նաև օգնել գործատուների և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների միջև երկխոսության ամրապնդմանը ու համագործակցության հնարավորությունների ստեղծմանը:

Ողջունելով ներկաներին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն ընդգծել է համաժողովի կարևորությունը՝ մասնագիտական կրթության ոլորտում առկա խնդիրների ուրվագծման և դրանց լուծման ճանապարհները հասկանալու առումով: Արաքսիա Սվաջյանը կարևորել է տնտեսության զարգացման հարցում մասնագիտական կրթության և մասնագիտական ուսումնական հաստատություններում թողարկվող մասնագիտությունների շաղկապվածությունն ու ազդեցությունը միմյանց վրա:

«Որևէ կրթական համակարգ չի կարող երբևէ արձանագրել, որ այնքան կատարելագործված կամ զարգացած է, որ այլևս առաջ գնալու տեղ չկա: Կրթությունը զարգացման մշտական գործընթացում է գտնվում: Կրթական բոլոր մակարդակներում այժմ գտնվում ենք բարեփոխումների լայնածավալ շրջափուլում, որոնք ուղղված են թե՛ ենթակառուցվածքների զարգացմանը, թե՛ բովանդակության փոփոխությանը և թե՛ մասնագետների կարողությունների զարգացմանը: Սրանք սերտորեն փոխկապակցված են, մեկի զարգացումն ուղղակի ազդեցություն է ունենում մյուսի վրա»,- նշել է Արաքսիա Սվաջյանը:

ԿԳՄՍ նախարարի տեղակալը տեղեկացրել է՝ ՀՀ կառավարությունը վերջերս հաստատել է «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» օրենքի նախագիծը, որն առաջիկայում կքննարկվի արդեն Ազգային ժողովում: Արաքսիա Սվաջյանը ներկայացրել է առաջարկվող փոփոխությունների առանցքային ուղղությունները: Նրա խոսքով՝ նախ իրականացվում է հասկացությունների և դրանց սահմանումների ներդաշնակեցում, օրինակ՝ վերացվում է տարբերակումն ուսումնական հաստատությունների երկու տեսակների՝ ուսումնարանի և քոլեջի միջև: Տերմինաբանական այս տարբերակումը, ըստ փոխնախարարի, գործնականում որևէ խնդիր չի լուծում, հետևաբար՝ բոլոր հաստատությունները կկոչվեն քոլեջ, որը կիրականացնի երկու կրթական ծրագիր՝ արհեստագործական և միջին մասնագիտական: Ներդրվում է աշխատանքի վրա հիմնված ուսուցման համակարգը՝ որպես կրթության իրականացման հիմնական եղանակ:

«Այս օրենքի ընդունումը շատ ենք կարևորում, քանի որ այն սկզբունքային մեծ փոփոխություններ է բերելու մասնագիտական կրթության համակարգում: Նոր օրենքը հնարավորություն է տալու նաև մեծացնելու գործատուների հետ համագործակցությունը, ինչը ևս շատ կարևոր է: Գործատուների հետաքրքրությունն է խթանելու, որպեսզի մենք փոխենք կրթության որակը և փորձենք պատրաստել այնպիսի մասնագետների, որոնց կարիքը նրանք ունեն: Ոչ ֆորմալ և ցկյանս կրթությունը ևս շատ կարևոր են, բայց մասնագիտական կրթությունն էլ ավելի կարևոր է, քանի որ այն հնարավորություն է տալիս ավելի համակողմանի ապահովելու թե՛ գիտելիքների, թե՛ կարողությունների և հմտությունների զարգացումը: Տեսական գիտելիքները շատ կարևոր են, բայց տեսական ու գործնական գիտելիքների համամասնության ճիշտ դասավորությունն ավելի արդյունավետ և էական է»,- ընդգծել է Արաքսիա Սվաջյանը՝ ևս մեկ անգամ շեշտելով գործատուների հետ համագործակցության կարևորությունը:

ԿԳՄՍ նախարարի տեղակալն անդրադարձել է նաև «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի կողմից իրականացվող պետական հավատարմագրման գործընթացին՝ Հայաստանում կրթության որակի արտաքին ապահովման նպատակով: Պետական հավատարմագրման հիմնական նպատակն է հավաստել ուսումնական հաստատություններին, ուսանողներին, նրանց ծնողներին, գործատուներին և շահագրգիռ հասարակությանը, որ մասնագիտական կրթության որակը ճանաչելի է պետության կողմից:

Հավատարմագրումը մասնագիտական ուսումնական հաստատությունների և կրթական ծրագրերի կատարողականի ու որակի ճանաչումն է, որը հանգեցնում է մատուցվող կրթական ծառայությունների որակի նկատմամբ մասնագիտական կրթության շահակիցների և հասարակության վստահության ձևավորմանը:

Արաքսիա Սվաջյանը կարևորել է այս գործընթացը և տեղեկացրել, որ 2024 թվականին մի շարք ՄԿՈՒ հաստատությունները կներառվեն հավատարմագրման գործընթացում:

«Հասկանալի է, որ հավատարմագրման գործընթացը պահանջում է ենթակառուցվածքներ, որակյալ կրթական ծրագրեր, որակյալ մասնագիտական կադրեր, որոնց ուղղությամբ մի շարք աշխատանքներ ենք իրականացնում: Մասնավորապես, 2024 թվականին ՄԿՈՒ ոլորտում պատրաստվում ենք ներդնել վերապատրաստման և ատեստավորման գործընթաց: Մասնագիտությունների ցանկը բավականին մեծ է, և մենք այժմ ուսումնասիրում և առանձնացնում ենք այն մասնագիտությունները, որոնք առաջնային փուլում կներառվեն գործընթացում: Սա ուղղված կլինի ոչ միայն մասնագետների կարողությունների զարգացմանը, այլև՝ խրախուսման և աշխատավարձերի վրա ազդեցության մեխանիզմներին»,- ասել է Արաքսիա Սվաջյանը՝ ընդգծելով, որ շատ հաճախ գործատուներից եկած ուղերձներն են օգնում հասկանալ, թե որ ուղղությամբ փոփոխություններ անելու կարիք ունենք:

Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի՝ ՈԱԱԿ-ի տնօրեն Ռուբեն Թոփչյանը ևս ողջունել է ներկաներին և ընդգծել՝ երկրի տնտեսական աճը խիստ կապված է ոչ միայն կրթված մարդկանց, այլև նրանց կարողությունների հետ:

«Գուցե մենք կարողություն ենք տալիս այն ոլորտում, որտեղ արդեն գերհագեցում ունենք: Գուցե պետք է փոխե՞լ ուղղությունը: Շատ ավելի պրակտիկ ուղղություններ կան, որոնց պակասը մեր երկիրն այսօր ունի: Այս առումով միջին մասնագիտական, ուսումնական հաստատությունների դերն անգնահատելի է: Սրանք հաստատություններ են, որոնք մասնագիտական այնպիսի կարողություններ են տալիս սովորողներին, որոնք անհրաժեշտ են գործատուին: Ընդ որում, տեղական գործատուի հետ համագործակցությունն այս առումով առաջնային է: Բնական է՝ պետությունը չի կարող բոլոր հաստատությունների մասին հոգ տանել ու ապահովել այն ռեսուրսը, որով պետք է այդ կարողությունները ձևավորվեն: Կարծում եմ՝ թե՛ պետությունը պետք է աջակցի գործատուին, թե՛ գործատուն պետք է փորձի շահագրգռել ուսումնական հաստատությանը»,- նշել է Ռուբեն Թոփչյանը՝ ընդգծելով, որ շեշտը պետք է դնել ոչ միայն տեսական գիտելիքի, այլև գործնական կարողությունների վրա:

Համաժողովի ընթացքում նաև զեկույց է ներկայացվել «Նորարարություն, ձեռնարկատիրություն և ՄԿՈՒ համակարգ․ ինչպես մասնակից դառնալ տնտեսական աճին» թեմայով, որի շրջանակում ներկայացվել է առկա վիճակագրությունը, մատնանշվել են խնդիրները:

Անցկացվել են նաև պանելային քննարկումներ, որոնց ընթացքում արծարծվել են ՄԿՈՒ հաստատությունների ուսումնական ծրագրերի և աշխատաշուկայի կարիքների համապատասխանության խնդիրները:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում