Ղրղըզստանի նախագահի պաշտոնակատարը լիազորությունները վայր է դրել՝ նախագահական ընտրություններին մասնակցելու համար
Սադիր Ժապարովն ասել է, որ ինքը լիազորությունները վայր է դրել եւ դադարեցրել է վարչապետի գործունեությունը՝ երկրում անցկացվող նախագահական ընտրություններին մասնակցելու համար, հայտնում է «Sputnik-Ղրղըզստանը»:
Այսօր առավոտյան նա Կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացրել փաստաթղթեր՝ հաստատելով նախագահական ընտրություններին մասնակցելու իր մտադրությունը:
Իր ուղերձում Ժապարովը հիշեցրել է, որ հոկտեմբերի 5-6-ը երկրում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում զանգվածային խախտումների պատճառով տեղի են ունեցել անկարգություններ: Հազարավոր մարդիկ մասնակցել են բողոքի ցույցերին Բիշքեկում եւ շրջաններում: Արդյունքում ընտրությունները չեղյալ են հայտարարվել, կազմվել է նոր կառավարություն, իսկ Սոորոնբայ Ժեենբեկովը հրաժարական է տվել նախագահի պաշտոնից:
«Անկասկած, սա Ղրղըզստանում XXI դարի սկզբի ճակատագրական իրադարձություններից մեկն էր: Այս հաղթանակը ամբողջ ժողովրդի հաղթանակն էր: Կարճ ժամանակում ժողովրդի իշխանությունը վերականգնեց կայունությունը երկրի հասարակական-քաղաքական կյանքում»,- ասել է Ժապարովը:
Նրա խոսքով՝ ամբողջությամբ իրականացվում են միջազգային բոլոր պարտավորությունները, ինչպես նաեւ երկկողմ եւ բազմակողմ համաձայնագրերն ու պայմանագրերը:
Քաղաքական գործիչը հիշեցրել է, որ կիրականացվի սահմանադրական բարեփոխում: Նա հավաստիացրել է, որ հիմնական օրենքում փոփոխությունները դիտարկելիս յուրաքանչյուր քաղաքացու առաջարկները հաշվի կառնվեն:
Ժապարովը նշել է, որ օրենքով հետաձգվել է խորհրդարանական ընտրությունների ժամանակը: Այժմ դրանք նախատեսվում է անցկացնել 2021 թվականի գարնանը՝ սահմանադրական բարեփոխումների ավարտից հետո:
Կարծիքներ