Արսեն Թորոսյանն այցելել է Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոն
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ներկա է գտնվել ՀՀ ԱՆ Վ․Ա․Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնում (ՈՒԱԿ) Նեյրոօնկոլոգիական, Օնկոուրոլոգիական բաժանմունքների վերաբացման, ինչպես նաև նոր` Կանանց առողջության կլինիկայի, Թորակալ վիրաբուժության բաժանմունքի, Ընդհանուր և մանկական քիմիաթերապիայի բաժանմունքի բացօթյա սրահի բացման արարողությանը:
«Ուռուցքաբանության ազգային կենտրոնը, գիտեք, որ ներառված էր բժշկական հաստատությունների մասնավորեցման ցանկում, սակայն իմ նշանակումից հետո ես որոշեցի, որ կառավարությանն առաջարկելու եմ այն վերադարձնել առողջապահության նախարարությանը և զարգացնել: Եվ մենք, փաստացի, մոտ մեկ տարի առաջ ընդունելով այն` մեծ ջանքեր ենք գործադրում, որպեսզի բոլոր ծառայությունները, որոնք այստեղ գործում են, համապատասխանեն միջազգային չափանիշներին: Այսօրվա մեր այցը ցույց տվեց, որ 4 բաժանմունք ամբողջությամբ կապիտալ վերանորոգվել և հագեցվել է, ինչպես նաև հագեցվել են վիրահատարանները, ռեանիմացիոն բաժանմունքը, նոր սարքավորումներ են գնվել: Նաև մի աննախադեպ ծառայություն է հիմնվել` բացօթյա քիմիաթերապևտիկ սրահը, որը մեծ դրական հոգեբանական ազդեցություն կարող է թողնել ծանր պացիենտների վրա: Ուռուցքաբանության ազգային կենտրոնը կարելի է համարել առանցքայիններից մեր մյուս բժշկական կենտրոնների մեջ, որովհետև շատ կարևոր ուղղություն է առաջնորդում: Ուռուցքաբանությունը, որպես ուղղություն, զարգացնելու ենք, որը բերելու է բազմաթիվ փրկված կյանքերի և վերականգնված առողջությունների: Այսպիսով` հաջողություններ կունենանք բազմաթիվ կյանքեր փրկելու տեսքով»,- ասել է Արսեն Թորոսյանը ողջույնի խոսքում:
Կարծիքներ