Աֆղանստանում տիրող իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից․ՄԱԿ

Աֆղանստանում տիրող իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից․ՄԱԿ

Աֆղանստանում տիրող իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից: Այս մասին ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը։

Աֆղանստանում իշխանության զավթումը ռազմական ճանապարհով կհանգեցնի կա՛մ երկար քաղաքացիական պատերազմի,կա՛մ երկրի մեկուսացման, ընդգծել է Գուտերեշը։

«Ես «Թալիբանին» կոչ եմ անում անհապաղ դադարեցնել հարձակումը և սկսել ազնիվ բանակցություններ Աֆղանստանի և նրա ժողովրդի շահերի համար»,- նշել է Գուտերեշը:

«Թալիբան» արմատական շարժման անդամները հանդես են եկել ուղերձով, որում հավաստիացրել են Աֆղանստանի հարևան երկրների, ինչպես նաև Իսլամական Հանրապետությունում գտնվող օտարերկրյա դիվանագիտական առաքելությունների և միջազգային կազմակերպությունների անդամների համար սպառնալիքի բացակայության մասին:

ՆԱՏՕ-ի պետությունների մեծ մասը, ներառյալ ԱՄՆ-ը, արդեն սկսել են իրենց քաղաքացիների տարհանումը՝ Քաբուլի մոտ թալիբների ջոկատների արագ առաջխաղացման կապակցությամբ։

Ամերիկացի դիվանագետների տարհանման համար Վաշինգտոնն արդեն ձեռնամուխ է եղել լրացուցիչ զինծառայողների տեղափոխմանը Աֆղանստանի մայրաքաղաք։ Զորքերի հիմնական մասը կժամանի մինչև հանգստյան օրերի ավարտը: Այս մասին հայտարարել է Պենտագոնի մամուլի քարտուղար Ջոն Քիրբին։

Հյուսիսատլանտյան դաշինքը մտադիր է որքան կարող է օգնել Քաբուլում կառավարությանը։ Այս մասին ասված է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հայտարարության մեջ, որը տարածվել է ուրբաթ օրը Բրյուսելում՝ Աֆղանստանի իրադրության վերաբերյալ Հյուսիսատլանտյան խորհրդի արտահերթ նիստի արդյունքներով:

Լոնդոնը պատրաստ է աշխատել բոլոր նրանց հետ, որոնք  ցանկանում են թույլ չտալ Աֆղանստանը ահաբեկիչների որջ դարձնելը։ Այս մասին բրիտանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում հայտարարել է Միացյալ Թագավորության վարչապետ Բորիս Ջոնսոնը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում