Գալիք տարին բերելու է նոր հնարավորություններ, պետք է պատրաստ լինել՝ օգտագործել դրանք. Վահե Հովհաննիսյան
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ ուղերձ է հղել:
«2024 թվականը մարտահրավերներով լի տարի էր, բայց միևնույն ժամանակ՝ հնարավորություններով հարուստ: Համատեղ ջանքերով և միասնական աշխատանքով կատարեցինք առավելագույնը՝ երկրի ֆինանսական կայունությունը և մեր քաղաքացիների բարեկեցությունն ապահովելու համար:
2024 թվականին առաջնորդվեցինք մեկ ընդհանուր տեսլականով, այն է՝ Հայաստանը դարձնել առաջադեմ և նորարար ֆինանսական համակարգերով հայտնի երկիր: 2025 թվականին նույնպես շարունակելու ենք աշխատել հանուն այս մեկ ընդհանուր գաղափարի, դեպի այս տեսլականի հետևողական իրականացում և նրա նոր սահմանների բացահայտում:
Գալիք տարին, ինչպես և բոլոր տարիները, իր հետ բերելու է նոր հնարավորություններ, դասեր, նպատակներ և հաջողության հասնելու նոր ճանապարհներ, ուստի պետք է պատրաստ լինենք օգտագործել այդ հնարավորություններն ու սովորել անցյալի դասերից: Ֆինանսների նախարարության առաջնահերթությունները կմնան նույնը. մեր նպատակը միայն թվային ցուցանիշների բարելավումը չէ, այլ յուրաքանչյուր քաղաքացու իրական բարեկեցության ապահովումը:
Սիրելի՛ հայրենակիցներ, համոզված եմ, որ համատեղ ջանքերի, հոգատարության և փոխադարձ հարգանքի հիման վրա կկարողանանք հասնել մեր ընդհանուր նպատակներին:
Թող գալիք տարին լինի խաղաղության, հաջողությունների և բարօրության տարի:
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ»,- ասված է ուղերձում:
Կարծիքներ