Երևանում բացվել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի Հայրենադարձության և ինտեգրման առաջին կենտրոնը
Երևանում բացվել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի Հայրենադարձության և ինտեգրման առաջին կենտրոնը։
Միջոցառմանը ներկա են եղել վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, նախարարներ, Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը և պաշտոնատար այլ անձինք:
«Բոլորիս մաղթում եմ, որ այս կենտրոնում այնպիսի հերթեր գոյանան, որ կառավարությունը ստիպված լինի տասնյակներով նորերը բացել»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը՝ հավելելով հետևյալ հետգրությունը.
«Վերջին հինգ տարիների ընթացքում լինելով Սփյուռքի հարյուրավոր համայնքներում եւ հանդիպելով հազարավոր հայրենակիցների՝ ինքս ինձ համար վաղուց արձանագրել եմ.
Նրանց բոլորին միավորում է մեկ բան։
Անկախ կրթությունից, սոցիլական շերտից, հասարակական դիրքից, ունեցվածքից, ապրուստի միջոցների ավելցուկից կամ պակասությունից նրանց բոլորի հայացքները նույն բանի մասին են։
Եւ դա կարոտը չէ։
Դա կիսատությունն է։
Անլիարժեքությունը։
Ինչ-որ մի շատ կարեւոր բանի բացակայությունը։
Լավ լուրն այն է, որ այդ կարեւոր բանը միֆ չէ, եւ ոչ էլ ուղեղային մորմոք, եւ ոչ էլ միրաժ, ֆիկցիա կամ սրտի հիվանդություն։ Այն խիստ իրական է եւ շոշափելի, եւ ունի անուն՝ Հայաստանի Հանրապետություն։
Հայրենադարձությունը գուցե հայրենասիրություն է, բայց թերեւս ավելի շատ՝ Ինքնասիրություն»։
Կարծիքներ