ԼՂ հայերի՝ տեղի բնիկ ժողովրդի իրավունքի և անվտանգության ապահովումը որևէ զուգահեռ չունեցող հիմնահարց է. Արարատ Միրզոյան

ԼՂ հայերի՝ տեղի բնիկ ժողովրդի իրավունքի և անվտանգության ապահովումը որևէ զուգահեռ չունեցող հիմնահարց է. Արարատ Միրզոյան

Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների՝ Մոսկվայում կայացած եռակողմ բանակցություններից հետո ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի խոսքից հասկացվել է, որ Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների թեման բանակցությունների ընթացքում կապվել է Հայաստանում ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության թեմային։ Ինչպե՞ս է պաշտոնական Երևանը մեկնաբանում այս հայտարարությունը։

Լրատվամիջոցների կողմից հարցն ուղղվել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին:

Ըստ ԱԳ նախարարի, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցերի հասցեագրման խնդիրը մշտապես եղել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության անկյունաքարը, և հուլիսի 25-ին Մոսկվայում ու մինչ այդ այլ մայրաքաղաքներում Ադրբեջանի հետ տեղի ունեցած բանակցությունների ժամանակ հայկական կողմը բարձրացրել է և շարունակում է բարձրացնել Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքների և անվտանգության երաշխիքների ապահովման հարցը։

Այն, ըստ էության, արձանագրված է նաև 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ, որտեղ առանձնահատուկ կերպով նշված են թե՛ Լեռնային Ղարաբաղ, թե՛ Լեռնային Ղարաբաղի տարածք, թե՛ Լեռնային Ղարաբաղի հետ շփման գիծ հասկացությունները: Նույն եռակողմ հայտարարության յոթերորդ կետը սահմանում է նաև փախստականների վերադարձ Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից շրջաններ, ինչը մինչ օրս չի իրականացվել Ադրբեջանի կողմից։ Խոսքն այստեղ վերաբերում է, այդ թվում՝ Հադրութի, Շուշիի, Մարտակերտի, Ասկերանի, Շահումյանի, Գետաշենի շրջաններին:

«Իհարկե, հայկական կողմն արձանագրում է նաև դեռևս 1988-1991թթ Ադրբեջանի տարբեր բնակավայրերից, մասնավորապես Բաքվից, Կիրովաբադից, Սումգայիթից և այլ վայրերից, մինչ այդ նաև Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունից բռնի տեղահանված հայերի իրավունքները, նրանց կողմից բարձրաձայնվող խնդիրները։

Այնուամենայնիվ, Լեռնային Ղարաբաղի հայերի՝ տեղի բնիկ ժողովրդի իրավունքների և անվտանգության ապահովման խնդիրն իր խորքային բովանդակությամբ ամբողջապես տարբերվող և որևէ զուգահեռ չունեցող հիմնահարց է։ Այն որևէ կերպ չի կարող փոխկապակցվածություն ունենալ այլ, այդ թվում և՝ Հայաստանի Հանրապետությունում «բնակվող քաղաքացիների» (ՌԴ արտգործխնախարարի բառերով)՝ միջազգային պարտավորություններով նախատեսված և ՀՀ կողմից լիարժեքորեն ապահովվող իրավունքների թեմայի հետ։ Ըստ այդմ, մոսկովյան վերջին եռակողմ հանդիպման ընթացքում այս տրամաբանությունից դուրս քննարկում և առավել ևս համաձայնություն չի եղել»,- ասել է նախարարը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում