Սաակաշվիլիի կողմնակիցները բանտի դիմաց անժամկետ հանրահավաք են սկսել
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի կողմնակիցները բողոքի ակցիաներ են սկսել, ցույցն ընթանում է Ռուսթավիի բանտի մոտ, որտեղ գտնվում է քաղաքական գործիչը, հայտնում է ՌԻա Նովոստին-ն։
Ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչներն ու նրանց համախոհները ակցիա են անցկացնում՝ պահանջելով Սաակաշվիլիին հոսպիտալացնել քաղաքացիական կլինիկայում, մինչդեռ իշխանությունները պատրաստ են նրան անհրաժեշտության դեպքում տեղափոխել միայն բանտային հիվանդանոց։
Միաժամանակ, արդարադատության նախարարության ղեկավար Ռատի Բրեգաձեն նախօրեին հայտնել էր, որ հոկտեմբերի 1-ից հացադուլի մեջ գտնվող Սահակաշվիլիի առողջական վիճակը կայուն է, դեղորայք է ընդունում, կենսական նշանները նորմալ են։ Բրեգաձեն նաև ասել է, որ Սաակաշվիլին իրականում շիլա է ուտում և բնական հյութեր է խմում։ Ի պատասխան՝ նախկին նախագահը գրավոր հայտարարությամբ նշել է, որ իսկապես մի քանի շիշ հյութ է խմել, սակայն ցանկացած շահարկումներից խուսափելու համար այժմ հրաժարվում է դեղորայք ընդունելուց։
Հանրահավաքի մասնակիցներն ասում են, որ ակցիաները լինելու են մշտական, մարզերից ամեն օր միանալու են իրենց, և հանրահավաքները չեն ավարտվի, քանի դեռ իրենց պահանջները չեն կատարվել։ Մի քանի անձինք, այդ թվում՝ լրագրողներ և մեկ պատգամավոր, նույնպես հացադուլ են հայտարարել՝ ի համերաշխություն Սաակաշվիլիի ։
Կարծիքներ