Համագյուղացու տուն զինված մտած և փախուստի դիմած տղամարդը թաքնվել է նկուղում, բանակցությունների ընթացքում կրակել է
Մայիսի 27-ի գիշերը՝ ժամը 4.05-ին, օպերատիվ կառավարման կենտրոնից Արմավիրի բաժին ահազանգած Բամբակաշատ գյուղի բնակիչը տեղեկացրել է, որ իր տան վրա հարձակում են գործել, նրանց մոտ իր կարծիքով զենք կա:
Այս մասին հայտնել են ՆԳՆ ոստիկանությունից։
Բաժնի օպերատիվ խումբը մեկնել է Բամբակաշատ: Պարզվել է, որ նույն գյուղի բնակիչ 46-ամյա տղամարդը, կոտրելով պատուհանի ապակին, մտել է տուն, և երբ տանտերը ձայներից արթնացել է, դիմել է փախուստի:
Նախաձեռնվել է քրեական վարույթ: Տղամարդու ինքնությունը պարզելուց հետո ոստիկանության Արմավիրի մարզային վարչության, Արմավիրի բաժնի և մարզի պարեկային ծառայության աշխատակիցները մեկնել են նրա տուն:
Պարզվել է, որ 46-ամյա տղամարդը թաքնվել է նկուղում: Ոստիկանները համոզել են նրան դուրս գալ, սակայն տղամարդը հրաժարվել և անընդհատ գոռացել է, որ մոտը զենք կա, և եթե ներս մտնեն` իրեն կվնասի:
Իրավապահները սկսել են բանակցել: Մոտ հինգ ժամ տևած բնակացությունների ընթացքում տղամարդը մի քանի անգամ կրակել է: Արդեն ժամը ինն անց կեսի սահմաններում, երբ ոստիկանները, պահպանելով անվտանգությունը, մոտեցել են, տղամարդը երկփողանի հրացանի նմանվող առարկայով կրկին փորձել է կրակել, սակայն ինքաշեն զենքը չի գործել:
Ոստիկաններին հաջողվել է նրան վնասազերծել, ժամը 9.40-ին ձերբակալել և տեղափոխել ոստիկանության Արմավիրի բաժին:
Խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են ինքնաձիգի փամփուշտ կրակելու համար նախատեսված երկփողանի հրազենի նմանվող առարկա` յուրաքանչյուր փողում ինքնաձիգի մեկ փամփուշտ, տարատեսակ 12 փամփուշտ, գազային ատրճանակի փամփուշտ կրակելու համար նախատեսված ինքնաշեն սարք, գաղտնի փականով ծալովի դանակ, լապտեր ու բջջային հեռախոս։
Տղամարդը հայտնել է, որ ինքնաշեն հրազեն-առարկաներն ինքն է պատրաստել, դանակը և լապտերը գնել է խանութից, իսկ ինքնաձիգի փամփուշտները տարիներ առաջ գտել է։ Նա և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Արմավիրի մարզային քննչական վարչություն:
Քննիչի որոշմամբ 46-ամյա տղամարդը ձերբակալվել ու տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր։
Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:
Կարծիքներ