100 պատանիներ Հայաստանից և սփյուռքից կմասնակցեն «Տիեզերական ճամբար 2022» ծրագրին

100 պատանիներ Հայաստանից և սփյուռքից կմասնակցեն «Տիեզերական ճամբար 2022» ծրագրին

Բարձրագույն տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից հայտնում են, որ  100 պատանիներ Հայաստանի տարբեր մարզերից և սփյուռքից հուլիսի 27-ից մինչև օգոստոսի 2-ը կմասնակցեն «Տիեզերական ճամբար 2022» (#SpaceCamp2022) ծրագրին, որն իրականացնում է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը՝ «ԱՅԱՍ» տիեզերագիտական ընկերության, «Հայաստանի հրթիռամոդելային ասոցիացիա» հիմնադրամի հետ համագործակցությամբ։

Ճամբարի մեկնարկն արդեն տրված է։
 
 Դիլիջանի Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի տարածքում, որտեղ տեղակայված է «Տիեզերական ճամբար 2022» (#SpaceCamp2022)-ը, հուլիսի 27-ին տեղի ունեցավ ճամբարի բացման արարողությունը։
Կազմակերպիչները ողջունեցին ճամբարի մասնակիցներին, ներկայացրին ճամբարային օրերի ընթացքում նրանց սպասվող միջոցառումներով, դասախոսություններով ու անակնկալներով լի օրակարգը, խոսեցին այն արդյունքների մասին, որն ակնկալվում է ունենալ «Տիեզերական ճամբար 2022» (#SpaceCamp2022)-ից։
Ճամբարային 7 օրերի ընթացքում սփեսքեմփցիներին սպասվում են դասախոսություններ ու պրակտիկ պարապմունքներ «Հրավառությունից մինչև հրթիռաշինություն», «Հրթիռային մոդելիզմ», «Թռչող հարթակներ տրոպոսֆերայում և ստրատոսֆերայում․ դրոններ և օդապարիկներ», «Տիեզերագնացության ապագան», «Աերոտիեզերական շարժիչներ․ կոնցեպտներ և իրականություն» և մի շարք այլ թեմաներով։
 
«Տիեզերական ճամբար 2022» գիտակրթական ճամբար է, որը հնարավորություն է տալիս պատանիներին ծանոթանալու հրթիռաշինության, տիեզերագնացության ու տիեզերական տեխնոլոգիաների ոլորտներին։ Ճամբարի նպատակն է տիեզերքին առնչվող բնագիտական ուղղությունների բացառիկ գիտելիքներ ունեցող պատանիներին՝ ապագա ուսանողներին, ուղղորդել մասնագիտական կողմնորոշման հարցում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում