Գյումրիի Անի թաղամասի ջրամատակարարման ցանցի նորացման աշխատանքներն ավարտվում են․ շահագործումը նախատեսվում է 2022-ին

Գերմանական KFW բանկի ջրամատակարարման ցանցի նորացման ծրագրով 7 ամսում Անի թաղամասում կառուցվել է 22 կմ երկարության նոր խողովակաշար։ 30 տարվա հին ու կոռոզիայի ենթարկված մետաղյա խողովակները չեն ապամոնտաժել, նորն անցկացնում են դրանց զուգահեռ:
«Աշխատանքները մեկնարկել են ապրիլի 19-ից, մենք բաշխիչ ցանցի աշխատանքները գրեթե ավարտել ենք։ Երևի մի 200 մետր տեղ է մնացել, որը որ նախագծով բացթողում է եղել, բայց դրա փոխարինման անհրաժեշտությունը կար, հիմա այդ աշխատանքներն ենք կատարում,-նշել է «Դորոժնիկ» ՍՊԸ ներկայացուցիչ Գագիկ Կարապետյանը։
Աշխատանքներին խանգարում են 90-ականներին՝ թաղամասի կառուցման ժամանակ անցկացված ստորգետնյա կոմունիկացիաները: Դրանց մեծ մասը չի շահագործվում, բայց վթարների պատճառ են դառնում, հետն էլ ջրաշինարարի համար լրացուցիչ աշխատանքի բարդություններ են ստեղծում։
Որոշ շենքերի մոտ կառուցվել են մոտ 60 նոր դիտահորեր և ջրաբաշխիչ կետեր: Դիտահորերի բետոնյա սալերը արտաքինից մեկուսացնում են բիտումային շերտով: Նոր ջրացանցի կառուցումը թույլ կտա խմելու ջրի կորուստները նվազեցնել։ Այն շենքերում, որոնց 4-րդ և 5-րդ հարկերին խմելու ջուր հասել է պոմպերով, ցանցի նորացումից հետո ջրամատակարարում կապահովվի ինքնահոս եղանակով:
Ջրամատակարարման նոր ցանցի կառուցումը ամբողջությամբ կավարտեն այս ամսեվերջին, բայց ջրագծերի շահագործումը կմնա հաջորդ տարի, այսինքն՝ Անի թաղամասի ջրամատակարարումը մինչև 2022 թվականի գարունը հին ցանցով է լինելու ։
Ջրացանցի կառուցմանը զուգահեռ որոշ փողոցներում ընթացիկ բարեկարգումներ են գնում ՝ խիտ բնակեցված թաղամասի բնակիչների անցուդարձը և մեքենաների երթևեկը ձմռան ընթացքում ապահովելու համար։ Փորված ու հետլիցք արված խրամուղիների հողային շերտն արդեն մեքենաների անիվների տակ ամրացել է:
Փողոցներում և նրբանցքներում այժմ հարթեցման ու խճապատման աշխատանքներ են: Ջրաշինարարի հետ այս պայմանագրային պարտավորությունը կիսում է քաղաքապետարանի կոմունալ ծառայությունը։
«Ջրաշինարարն իր կողմից առաջացրած անհարթությունները, խողովակաշարի փորման տեղերը պարտավորվել էր խճապատել, հարթեցնել, բերել նախնական տեսքի։ Հանդիպեցինք ջրաշինարարի հետ, ձեռք բերվեց պայմանավորվածություն համատեղ ուժերով՝ ջրաշինարար և կոմունալ ծառայություն, ամբողջ թաղամասում կատարել խճապատման և հարթեցման աշխատանքներ։ Մենք մեր կողմից տեխնիկական միջոցներ ենք տրամադրել, իրենք էլ իրենց կողմից շինանյութը»,- նշել է Գյումրիի քաղաքապետարանի Կոմունալ ծառայության պետի ԺՊ Արման Շաբոյանը։
Հարթեցումներն ու խճապատումները, որոնք ընդամենը ժամանակավոր անցանելի պահելու համար են արվում, թաղամասում կավարտվեն գրեթե միաժամանակ։ Իսկ կապիտալ ասֆալտապատումը ՎԶԵԲ-ի ծրագրով, որն հետաձգվում է արդեն երկու տարի, կմեկնարկի 2022-ին, երբ նոր ջրացանցը ամբողջությամբ փորձարկումն անցած կլինի և կհանձնվի շահագործման։
Կարծիքներ