Վրաստանում անցկացվել է կենսաբանական միջադեպերի արձագանքման զորավարժություն

Վրաստանում անցկացվել է կենսաբանական միջադեպերի արձագանքման զորավարժություն

ԱՄՆ Պաշտպանական սպառնալիքների նվազեցման գործակալության (DTRA) մասնագետների աջակցությամբ Վրաստանում միջգերատեսչական վարժանք է անցկացվել քիմիական, կենսաբանական, ռադիացիոն և միջուկային միջադեպերին արձագանքելու համար։ Այս մասին հայտնում է Վրաստանի ՆԳՆ մամուլի ծառայությունը։

Դասընթացին մասնակցել են ՆԳՆ Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության, ՊՆ, Պետական ​​պահպանության ծառայության, ՆԳՆ հատուկ հանձնարարությունների վարչության և սահմանապահ ոստիկանության համապատասխան գերատեսչությունների մինչև 60 ներկայացուցիչներ։

Զորավարժությունները տևել են ինը օր և ընթացել երկու փուլով։ Առաջինն անցկացվել է պաշտպանության նախարարության ինժեներական բրիգադի, երկրորդը՝ արտակարգ իրավիճակների արձագանքման գլխավոր վարչության բազայի հիման վրա։

Ինչպես նշվում է, զորավարժությունների հիմնական նպատակն է բարելավել քիմիական, կենսաբանական, ռադիացիոն և միջուկային միջադեպերին արձագանքելու հմտությունները և միջգերատեսչական համագործակցությունը։

Զորավարժությունների ավարտին բոլոր մասնակիցներին հանձնվել են հավաստագրեր։

Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունը սերտորեն համագործակցում է ԱՄՆ Պաշտպանական սպառնալիքների նվազեցման գործակալության հետ, որի շրջանակներում մի շարք վարժանքներ են անցկացվել Վրաստանում։ Բացի դրանից, Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությանն է փոխանցվել հատուկ տեխնիկա և ժամանակակից սարքավորումներ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում