ՆԱՏՕ-ին անդամակցելը Վրաստանի արտաքին և անվտանգության քաղաքականության առանցքային խնդիրն է. Ղարիբաշվիլի
«ՆԱՏՕ-ին անդամակցությունը Վրաստանի արտաքին և անվտանգության քաղաքականության առանցքային խնդիրն է, որին աջակցում է վրաց ազգի ճնշող մեծամասնությունը»,- այս մասին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում հանդիպումից հետո կայացած համատեղ ճեպազրույցում, 1TV.ge-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:
«Մենք շատ արդյունավետ հանդիպում ունեցանք: Խոսեցինք տարածաշրջանում, երկրում ընթացիկ իրադարձությունների, Ռուսաստանի ներկայիս օկուպացիայի մասին… ՆԱՏՕ-ին անդամակցությունը Վրաստանի արտաքին և անվտանգության քաղաքականության առանցքային խնդիրն է, որին աջակցում է վրաց ազգի ճնշող մեծամասնությունը։ Մենք սերտորեն համագործակցում ենք Դաշինքի հետ՝ Վրաստանի ինտեգրման հստակ տեսլական մշակելու համար: Մենք ունենք անդամակցության բոլոր գործնական գործիքները և ակտիվ երկխոսության մեջ ենք դաշնակիցների հետ՝ ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցության վերաբերյալ քաղաքական որոշում պատրաստելու համար: 2008 թվականի Բուխարեստի գագաթնաժողովում դաշնակիցները որոշեցին, որ Վրաստանը կդառնա Դաշինքի անդամ։ Այն ժամանակ դա շատ ուժեղ ուղերձ էր և արդիական է մնում այսօր: Յուրաքանչյուր ինքնիշխան պետություն իրավունք ունի ընտրելու իր արտաքին քաղաքական կուրսը։ Այս որոշումը հիմնաքարն է, որի վրա հիմնված է Վրաստանի ՆԱՏՕ-ին անդամակցելու գործընթացը։ Մենք կարծում ենք, որ այս ընտրության հաջող իրականացումը նույնքան կարևոր է ՆԱՏՕ-ի, որքան և Վրաստանի համար»,- ասել է Ղարիբաշվիլին։
Կարծիքներ