ԼՂ-ից բռնի տեղահանվածների կարիքները հոգալու համար ՀՀ-ին արտերկրից կտրամադրվի ևս 35 միլիոն եվրո. փոխվարչապետ
ՀՀ փոխվարչապետ, հումանիտար կենտրոնի աշխատանքները համակարգող Տիգրան Խաչատրյանի տեղեկացմամբ՝ այս պահին ՀՀ մարզերում արդեն հաշվառվել է 85000 բռնի տեղահանված անձ, ինչը նշանակում է, որ նրանց զգալի մասը, որպես բնակության ժամանակավոր վայր, ընտրել է մարզերը։ Փոխվարչապետը «Հումանիտար կենտրոն»-ում հավաստիացրեց, որ Կառավարությունն օգնում է տեղահանվածներին ինչպես վարձակալության, այնպես էլ հետագայում միջնաժամկետ ու երկարաժամկետ բնակության վայր ընտրելու հարցում։ Մարզպետարանների բոլոր աշխատակիցները և հումանիտար կենտրոնների մարզային կառույցների գործընկերներն օգնում են, որպեսզի մարդկանց բնակության վայրերի ընտրությունը տեղի ունենա հնարավորինս լայն տիրույթից, որպեսզի մարդիկ համադրելու եղանակով ընտրեն իրենց համար լավագույն պայմանները, որոնք կարող են լինել մարզերում։
«Հայաստանը շարունակում է աջակցություն ստանալ միջազգային գործընկերներից, որոնք տարբեր ձևաչափերով օգնում են ՀՀ կառավարությանը՝ բռնի տեղահանված անձանց առաջնային կարիքները հոգալու հարցում։ Դրամական աջակցության խոստումներ տրվել են բազմաթիվ երկրների կառավարությունների և միջազգային կազմակերպությունների կողմից։ Ըստ հայտարարությունների՝ ավելի քան 35 միլիոն եվրո օգնություն կտրամադրվի կառավարությունների ու միջազգային կառույցների կողմից ԿԽՄԿ-ի միջոցով։ Եվս 35 միլիոն եվրո արդեն իսկ հատկացվել է այլ եղանակով, որից 15 միլիոն եվրոն կհատկացվի բյուջետային աջակցության եղանակով ՀՀ կառավարության գանձապետական հաշվին, իսկ մնացած միջոցները զարգացման գործակալություններն իրենց կողմից Հայաստանում գործող ներկայացուցչությունների միջոցով կուղղեն բռնի տեղահանվածների կարիքների կամ խնդիրների լուծմանը»,- նշեց Խաչատրյանը։
Փոխվարչապետի տեղեկացմամբ՝ հումանիտար օգնություն ստացվում է նաև տարբեր բեռների տեսքով։ Նախորդ երկու շաբաթների ընթացքում Հայաստանը ստացել է ավելի քան 100 տոննա մարդասիրական բեռ, որը բաշխվում է բռնի տեղահանվածներին՝ սննդի և առաջնային անհրաժեշտության կարիքները հոգալու համար։
«Կառավարությունը հետևում է ԼՂ-ից բռնի տեղահանվածների խնդիրներին և շարունակում է դրանց համապատասխան մշակել աջակցության ծրագրեր։ Նախորդ երկու շաբաթներն օգտագործվել են առաջնային հարցերը լուծելու համար, բայց արդեն ժամանակն է, որպեսզի միջնաժամկետ ու երկարաժամկետ անելիքների ուղղությամբ հստակեցվեն հետագա աջակցության ծրագրերը։ Առաջիկայում այդ ծրագրերը կներկայացվեն թե՛ կարծիքներ լսելու, թե՛ որոշումներն ավելի ճիշտ ուղղության մեջ դնելու համար»,- եզրափակեց ՀՀ փոխվարչապետը։
Կարծիքներ