«Սիմֆոնիկ Երևանը» աշխարհի տարբեր ծայրերից Հայաստանում է համախմբել մեծանուն երաժիշտների

«Սիմֆոնիկ Երևանը» աշխարհի տարբեր ծայրերից Հայաստանում է համախմբել մեծանուն երաժիշտների

 «Սիմֆոնիկ Երևան» (Symphonic Yerevan) միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում օգոստոսի 20-ին հնչել են Ղազարոս Սարյանի «Հայաստան» սիմֆոնիկ պաննոն, ինչպես նաև ժամանակակից կոմպոզիտոր Ալեքսեյ Շորի Թավջութակի կոնցերտն ու «Վերդիանա»-ն ֆլեյտայի և նվագախմբի համար։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ են ունեցել թավջութակահար Բրանոն Չոն և ֆլեյտահար Նոյեմի Գյորին, իսկ համերգը ղեկավարել է դիրիժոր Գերգելի Մադարաշը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբից, թավջութակահար Բրանոն Չոն որպես մենակատար հանդես է գալիս աշխարհի լավագույն նվագախմբերի, այդ թվում՝ Հելսինկիի ֆիլհարմոնիկ, Տոկիոյի ֆիլհարմոնիկ, Բելգիայի ազգային, Բրյուսելի ֆիլհարմոնիկ և բազմաթիվ այլ կոլեկտիվների հետ՝ աշխարհահռչակ դիրիժորների ղեկավարությամբ։ Որպես կամերային երաժշտության սիրահար նա ելույթ է ունեցել այնպիսի ճանաչված երաժիշտների հետ, ինչպիսիք են Գիդոն Կրեմերը, Ջոշուա Բելը և այլք։

«Բրանոն Չոն Երևանում առաջին անգամ է, նա նկատում է, որ նման փառատոները շատ կարևոր են. աշխարհի տարբեր ծայրերից մի վայրում են համախմբվում տարբեր երաժիշտներ՝ ներկայացնելով բազմազան երկացանկ։ Ամեն օր «Սիմֆոնիկ Երևան» փառատոնի շրջանակներում ներկայացվում են տարբեր երաժշտական գործիքներ, հանդես են գալիս մեծանուն երաժիշտներ, և ամեն օր հանդիսատեսը կարող է վայելել ինչ-որ նոր բան։ «Ինձ համար հաճելի է ու մեծ պատիվ լինել այս փառատոնի մի մասը, նվագել այս հրաշալի կոլեկտիվի՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ՝ ներկայացնելով Ալեքսեյ Շորի կոնցերտը»,- ասում է թավջութակահարը։ Խոսելով Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ համագործակցության մասին՝ նա նկատում է, որ ակներև է, որ նվագախմբի յուրաքանչյուր երաժիշտ հաճույք է ստանում իր աշխատանքից, նրանք սիրով են գործակցում միմյանց հետ, շատ սիրում են երաժշտությունը։

Նոյեմի Գյորին նույնպես Հայաստանում առաջին անգամ է, և շեշտում է, որ փառատոները հնարավորություն են տալիս ունկնդրին ծանոթանալու նոր ստեղծագործությունների, նոր կատարողների ու երաժշտության նոր մեկնաբանությունների հետ։ Ֆլեյտահարուհին ընդգծում է նաև, որ շատ ուրախ է, որ կոմպոզիտոր Ալեքսեյ Շորը դահլիճում է լինելու և ունկնդրելու է ստեղծագործության իր մեկնաբանությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ «Սիմֆոնիկ Երևան» փառատոնի շրջանակում հրավիրված մենակատարներն անցկացնում են նաև վարպետության դասեր պատանի երաժիշտների համար։ Բրանոն Չոն, մասնավորապես, ասում է, որ տպավորված է մեր ուսանողների մակարդակով. «Երաժիշտները նվագում են մեծ կրքով, սիրում են իրենց գործիքը, ու նկատելի է, որ կրթության մեծ ծարավ ունեն։ Այնպես որ՝ ես կարծում եմ, որ Հայաստանում դասական երաժշտության ապագան լավ ձեռքերում է»։

Նշվում է, որ դիրիժոր Գերգելի Մադարաշը 2019 թվականից Լիեժի թավավորական ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավարն է։ Նա պարբերաբար որպես հրավիրյալ դիրիժոր հանդես է գալիս մեծ ճանաչում ունեցող նվագախմբերի՝ BBC սիմֆոնիկ, Բիրմինգհեմի սիմֆոնիկ, Ֆրանսիայի ռադիոյի ֆիլհարմոնիկ, Լա Սկալայի ֆիլհարմոնիկ, Կոպենհագենի ֆիլհարմոնիկ, Մելբուռնի, Հյուսթոնի սիմֆոնիկ և այլ նվագախմբերի հետ։

Մաեստրո Մադարաշն ընդգծում է, որ ունի բազմաթիվ հայ ընկերներ, ճանաչում է հայ երաժիշտների և ուրախ է, որ հնարավորություն է ստացել այցելելու մեր երկիր ու ավելի մոտիկից շփվելու հայկական մշակույթի հետ։ Բազմաթիվ նվագախմբեր ղեկավարած մաեստրոն ընդգծում է, որ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը լի է էներգիայով. «Շատ գնահատելի է այն, ինչ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն անում է այս օրերին։ Գրեթե ամեն օր ունեն համերգներ՝ տարբեր երկացանկերով։ Նվագախմբի երաժիշտներն արձագանքում են շատ արագ։ Մենք փորձերի համար շատ ժամանակ չունենք, սակայն ես զգում եմ, որ նրանք ամբողջովին հասկանում են ինձ, ճկուն են և արագ կարողանում են հարմարվել իմ բնավորությանը, իմ տեմպին։ Նրանք շատ տաղանդավոր են, և ինձ հաճելի է տեսնել այսպիսի երիտասարդ ու փորձառու երաժիշտների»։ Դիրիժորը, խոսելով Ղազարոս Սարյանի «Հայաստան» սիմֆոնիկ պաննոյի մասին, նշում է, որ այն իր չորս մասերով պատկերում ու ունկնդրին է փոխանցում Հայաստանի ազգային ավանդույթները, մշակույթն ու գույները։

Այս օրերին մայրաքաղաքում անցկացվում է Symphonic Yerevan միջազգային երաժշտական փառատոնը, որը Հայաստան է հրավիրել բազմաթիվ մեծանուն երաժիշտների, որոնք երևանցիներին ու զբոսաշրջիկներին պարգևում են դասական երաժշտության երեկոներ։ Փառատոնը կազմակերպել են Մշակույթի աջակցման եվրոպական հիմնադրամը (EUFSC, նախագահ՝ Կոնստանտին Իշխանով) և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը։ Փառատոնի անցկացմանն աջակցում է Երևանի քաղաքապետարանը։

Օգոստոսի 21-ի երեկոյան «Առնո Բաբաջանյան» համերգասրահում հանդես կգան Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի լարային կազմը և ջութակահար Մարկ Բուշկովը։ Դիրիժոր՝ Դանիել Ռայսկին։ Կներկայացվեն Ալեքսեյ Շորի, Ալեքսանդր Հարությունյանի, Էդուարդ Հայրապետյանի ստեղծագործությունները։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում