ԱՄՆ վարչակազմն աշխատանքից ազատել է Թրամփի գործով հետաքննությանը մասնակցող տասնյակ իրավաբանների
ԱՄՆ արդարադատության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Ջեյմս Մաքհենրին աշխատանքից ազատել է նախարարության ավելի քան մեկ տասնյակ աշխատակիցների, որոնք մասնակցել են Դոնալդ Թրամփի դեմ գործերի հետաքննությանը: Այս մասին հայտնել է CBS-ը։
Արդարադատության նախարարի պաշտոնակատար Ջեյմս Մաքհենրիի նամակում ասվում է, որ նախարարության նոր ղեկավարությունը չի կարող հույսը դնել աշխատանքից ազատված աշխատակիցների վրա ՝ նոր նախագահի ծրագրերը կյանքի կոչելու համար:
«Դուք զգալի դեր եք խաղացել նախագահ Թրամփի հետապնդման գործում։ Իշխանության բնականոն գործունեության համար խիստ կարևոր է, որ վերադաս պաշտոնյաները վստահեն իրենց ենթականերին։ Հաշվի առնելով նախագահի հետապնդման գործում Ձեր նշանակալի դերը՝ կարծում եմ, որ նախարարության ղեկավարությունը չի կարող վստահել ձեզ նախագահի օրակարգը բարեխղճորեն կյանքի կոչելու հարցում»,-Մաքհենրիի նամակը մեջբերում է CBS-ը։
Դոնալդ Թրամփը խոստացել էր անմիջապես աշխատանքից ազատել Ջեք Սմիթին, հենց որ վերադառնա նախագահի պաշտոնին, սակայն Սմիթն ինքը հրաժարական է տվել մինչ Թրամփի երդմնակալությունը:
Կարծիքներ