Սեմինար-հանդիպում՝ ՀՖՖ ակումբների արտոնագրման պատասխանատուների հետ
Հունվարի 20-ին ՀՖՖ գրասենյակում կայացել է ՀՖՖ արտոնագրման բաժնի կողմից կազմակերպված սեմինար-հանդիպում՝ «Ազգային», ՈՒԵՖԱ-ի և ՈՒԵՖԱ-ի կանանց չեմպիոնների լիգայի արտոնագրերի թեկնածու ակումբների արտոնագրման և ֆինանսական պատասխանատուների մասնակցությամբ: Սեմինարը վարում էր ՀՖՖ Արտոնագրման բաժնի պետ Վահան Բերակչյանը: Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:
2021թ. դեկտեմբերի 27-ին հրապարակվել էր ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի ամենամյա ծրագրային հայտարարությունը, որն ազդարարում է արտոնագրային մրցաշրջանի սկիզբը: Այն «Ազգային» արտոնագրերը, որոնք կտրվեն ակումբներին մրցաշրջանի ընթացքում, հիմք են հանդիսանալու և մարզական որակավորում ձեռք բերելու պարագայում իրավունք են ընձեռելու նրանց մասնակցել Հայաստանի Պրեմիեր լիգայի 2022/2023թթ. առաջնությանը և ՈՒԵՖԱ-ի ակումբային պաշտոնական մրցաշարերին նույն մրցաշրջանի ընթացքում:
2022/2023 թթ. արտոնագրային մրցաշրջանին մասնակցության հայտ է ներկայացրել 11 ակումբ, այդ թվում՝ Հայաստանի Առաջին խմբի առաջնությունում հանդես եկող «Գանձասար ՖԱ», «Շիրակ» և «Լեռնային Արցախ» ֆուտբոլային ակումբները: Հատկանշական է, որ ՈՒԵՖԱ-ի կանանց չեմպիոնների լիգայի արտոնագրի հայտ է ներկայացրել 3 ակումբ։
Սեմինար-հանդիպման ընթացքում ակումբների ներկայացուցիչները ծանոթացել են բոլոր այն փոփոխություններին, որոնք տեղի են ունեցել նախորդ մրցաշրջանի համեմատ՝ կապված արտոնագրման չափանիշների հետ: Հանդիպման ժամանակ ակումբների ներկայացուցիչները հնարավորություն են ունեցել ծանոթանալու այն պահանջներին, որոնք պետք է բավարարեն՝ մինչև մարտի 11-ը ներկայացնելով համապատասխան ոչ ֆինանսական փաստաթղթային փաթեթները:
Այդ փաթեթների հիման վրա ապրիլի 1-ին ՀՖՖ ակումբների արտոնագրման կոմիտեն կքննարկի թեկնածու ակումբներին «Ազգային» արտոնագրեր շնորհելու հարցը: «ՈՒԵՖԱ»-ի արտոնագրերի վերաբերյալ ՀՖՖ Ակումբների արտոնագրման կոմիտեի նիստը տեղի կունենա մայիսի 2-ին:
Կարծիքներ