Ալիևը պետք է կանգնի Միջազգային քրեական դատարանի առաջ. Կանադայի Սենատի անդամ

Ալիևը պետք է կանգնի Միջազգային քրեական դատարանի առաջ. Կանադայի Սենատի անդամ

Աշխարհը մոռանում է անցյալը, մենք կրկնում ենք պատմության ամենամութ դրվագները ոչ միայն Իսրայելում, այլև Արցախում:

Այս մասին X-ի (նախկին՝ «Թվիթեր») իր միկրոբլոգում գրել է Կանադայի Սենատի անդամ Լեո Հուսակոսը:

Գրառմանը կից նա ներկայացրել է Սենատում ունեցած ելույթը, որում հորդորում է առանց ուշադրության չթողնել հայ ժողովրդին։ Նա հիշեցրել է, որ մի շարք կառույցներ, փորձագետներ Լեռնային Ղարաբաղի բնակչության դեմ Ադրբեջանի գործողությունները ցեղասպանություն են որակել:

Այն թարգմանաբար ներկայացրել է «Լուրեր»-ը:

«Արցախի բնիկ հայերն այժմ աներևակայելի աղետի են բախվել։ Մեր բարոյական պարտքն է արձագանքել՝ ոչ միայն խոսքերով, այլև գործողություններով: Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը, ռազմական ուժ կիրառելով, գնդակոծելով քաղաքացիական ենթակառուցվածքները և խաղաղ բնակիչներին, սրեց ճգնաժամը:

Ընդամենը 1 շաբաթվա ավելի քան 100 հազար անմեղ քաղաքացի ստիպված էր լքել պապերի հայրենիքը: Ինչի հետևանքով հումանիտար աղետ ստեղծվեց ոչ միայն Արցախում, այլև Հայաստանում, որն ընդունել է փախստականներին: Կանադան պարտավոր է միջամտել և պաշտպանել բնակչությանը էթնիկ զտումներից ու ցեղասպանությունից։ Սա որոշիչ պահ է Կանադայի և աշխարհի մյուս ժողովրդավարությունների համար: Մենք պետք է աջակցենք այնպիսի ժողովրդավարություններին, ինչպիսիք են Հայաստանը, Արցախը և շատ այլ երկրներ:

Ադրբեջանի կառավարության անդամների նկատմամբ դիվանագիտական և տնտեսական պատժամիջոցներ պետք է կիրառվեն, Ալիևը պետք է կանգնի Միջազգային քրեական դատարանի առաջ։ Արցախի՝ ավելի քան 4000 տարվա ժառանգություն ունեցող բնիկ հայ համայնքն ինքնորոշման իրավունք ունի: Բնիկ հայերին բնաջնջում և դուրս են շպրտում իրենց տներից միայն այն պատճառով, որ նրանք հայ են։ Ընդ որում՝ սա արդեն երկրորդ ողբերգությունն է մեկ դարում։

Երբ ճանաչում էինք Հայոց ցեղասպանությունը, ելույթներ էինք ունենում, թե թույլ չենք տա՝ այդ ողբերգությունը կրկնվի: Բայց, ահա՛, դա տեղի է ունենում հենց հիմա, մինչդեռ մենք խոսում ենք։ Այնուամենայնիվ, բոլորը մոռացել են այդ մարդկանց մասին, քանի որ աշխարհում էսկալացիայի նորանոր օջախներ են բացվում:

Այդ ժողովուրդը տառապում է, տեղահանվածների համար մի քանի միլիոնի աջակցություն հայտարարելը, ճիշտն ասած, ամոթալի է...

Արդեն շատ ուշ է: Եթե բռնակալների վրա ճնշում չգործադրվի, նրանք կանգ չեն առնի: Միայն այն պատճառով, որ Արցախը և Հայաստանը նավթ ու գազ չունեն, նրանք մեզ համար պակաս կարևոր չպետք է լինեն»,- նշել է Հուսակոսը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում