ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան դիմաց իրականացված ակցիայի վերաբերյալ պատշաճ չիրազեկելու համար վարչական վարույթ է նախաձեռնվել
Ինչպես հայտնել էինք, օգոստոսի 21-ին մի խումբ քաղաքացիներ ակցիա էին իրականացրել Հայաստանում Բելառուսի դեսպանատան դիմաց՝ կապված Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի աղմկահարույց հայտարարությունների հետ, որոնք վերաբերում էին Հայաստանին և հայ ժողովրդին:
Ակցիայի մասնակիցները, այդ թվում՝ «Հանուն հանրապետության» կուսակցության առաջնորդ Արման Բաբաջանյանը, դեսպանատան շենքի վրա հավկիթներ, կարտոֆիլներ ու լոլիկներ էին նետել, վանկարկել՝ «Вон из Армении»:
Արման Բաբաջանյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ նշելով, որ Հայաստանի, հայ ժողովրդի դեմ Լուկաշենկոյի անհարգալից հայտարարությունների առթիվ Հայաստանում Բելառուսի դեսպանատան դիմաց անցկացված ակցիայի պատճառով ոստիկանությունում քրեական վարույթ է հարուցվել՝ հավելելով, որ հրաժարվել է հանդիպել ոստիկանության աշխատակցի հետ և հրաժարվել է որևէ բացատրություն տալ։
«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով, սակայն, ոչ թե քրեական վարույթ է նախաձեռնվել, այլ հավաքի մասին ՆԳՆ ոստիկանությանը պատշաճ չիրազեկելու համար վարչական վարույթ է նախաձեռնվել:
Հիշեցնենք, որ Բելառուսի ղեկավարը ասել էր, թե «ո՞ւմ են պետք հայերը՝ բացի Ռուսաստանից ու Բելառուսից, ի՞նչ Ֆրանսիա, ի՞նչ Մակրոն, Մակրոնը վաղը չի լինի՝ բոլորը կմոռանան Հայաստանի մասին»:
Կարծիքներ