Վրաստանում ՀՀ դեսպանությունը ցավակցական ուղերձ է հղել Գուդաուրիում ուղղաթիռի կործանման կապակցությամբ

Վրաստանում ՀՀ դեսպանությունը ցավակցական ուղերձ է հղել Գուդաուրիում ուղղաթիռի կործանման կապակցությամբ

Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանատունը ցավակցական ուղերձ է հղել հուլիսի 29-ին Գուդաուրիում փրկարարական ուղղաթիռի կործանման կապակցությամբ՝ ցավակցելով զոհվածների ընտանիքներին և հարազատներին: Այդ մասին «Արմենպրես»-ին հայտնեցին Վրաստանում ՀՀ դեսպանությունից:

«Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը բարեկամ վրաց ժողովրդի հետ միասին սգում է Գուդաուրիում փրկարարական գործողության ընթացքում ուղղաթիռի վթարի հետևանքով մարդկային կյանքերի կորուստը: Մեր խորին ցավակցությունն ու զորակցությունն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին և հարազատներին՝ ցանկանալով նրանց տոկունություն և ոգու ամրություն կորստյան այս դժվարին պահին», - նշել է Հայաստանի դեսպանությունը:

Վրաստանում հուլիսի 30-ին սգո օր է՝ կործանված ուղղաթիռի զոհված 8 ուղևորների հիշատակին:

Հուլիսի 29-ին Վրաստանի ՆԳՆ սահմանային ոստիկանությանը պատկանող Մի-8 ուղղաթիռը մեկնել էր Գուդաուրի՝ վթարի ենթարկված երկու պարապլաներիստների կիրճից դուրս բերելու, սակայն բախվել էր ժայռին և կորցնելով կառավարումը՝ կործանվել Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջպետական ճանապարհի 94-րդ կիլոմետրի մոտ գտնվող լեռներում, ինչից հետո ճանապարհը մոտ մեկ օր արգելափակված էր եղել:

Զոհվել էին ուղղաթիռի բոլոր 8 ուղևորները, այդ թվում՝ անձնակազմի չորս անդամները, երկու բժիշկ և երկու փրկարար:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում