Մեքսիկայում ձերբակալել են մեքսիկացի նարկոբարոն Էլ Մենչոյի կնոջը

Մեքսիկայում ձերբակալել են մեքսիկացի նարկոբարոն Էլ Մենչոյի կնոջը

Մեքսիկայում ձերբակալվել է մեքսիկացի նարկոբարոն Նեմեսիո Օսեգուեր Սերվանտեսի (առավել հայտնի որպես Էլ Մենչո) կինը, հայտնում է Reuters-ը։

Ռոզալինդա Գոնսալես Վալենսիան ձերբակալվել է Սապոպանում՝ «Խալիսկո նահանգում կազմակերպված հանցավորության ֆինանսական կառուցվածքին հասցված զգալի հարվածի շրջանակներում», ասվում է պաշտպանության նախարարության հայտարարության մեջ։

Գոնսալեսը կալանավորվել է տարբեր հանցագործությունների համար, եւ ապացույցները վկայում են «կազմակերպված հանցավոր խմբի կողմից անօրինական ֆինանսական գործարքին» նրա մասնակցության մասին, հավելել են նախարարությունում:

Նախկին ոստիկան Օսեգուերը Հալիսկոյի նոր սերնդի ուլտրադաժան կարտելի (CJNG) առաջնորդն է, որը Մեքսիկայի ամենահզոր հանցավոր խմբավորումն է՝ «Սինալոա» կարտելի հետ միասին։

Օսեգուերը, ում գլխի համար 2018 թվականին ԱՄՆ իշխանությունները 10 միլիոն դոլարի պարգեւ են խոստացել, ոգեշնչել է CJNG-ին վերածվել հանցագործ կայսրության, որն ընդգրկում է հինգ մայրցամաքները, եւ դարձել է կարտելի այն սակավաթիվ առաջնորդներից մեկը, որը երկար ժամանակ խուսափել է ձերբակալությունից:

CJNG-ին մեղադրում են մաքսանենգ ճանապարհով հսկայական քանակությամբ թմրանյութեր, ներառյալ սինթետիկ օփիոիդ ֆենտանիլ, Միացյալ Նահանգներ տեղափոխելու համար, որտեղ գերդոզավորումից մահացությունները, հիմնականում կապված ֆենտանիլի հետ, 2020 թվականին հասել են մինչեւ 93 000-ի:

Գոնսալեսը նախկինում ձերբակալվել էր 2018 թվականի մայիսին, սակայն մի քանի ամիս անց գրավի դիմաց ազատ էր արձակվել։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում