Ռուսաստանը Ղարաբաղը պաշտոնապես ճանաչում է որպես Ադրբեջանի տարածք. Զախարովա

Ռուսաստանը Ղարաբաղը պաշտոնապես ճանաչում է որպես Ադրբեջանի տարածք:
Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ արձագանքելով Ադրբեջանի արտգործնախարարության բողոքական հայտարարությանը:
«Պետք չէ կոնտեքստից կտրել գոյություն չունեցող թեզերը և բառերի տեղերը փոխել՝ դրանց բոլորովին այլ նշանակություն տալով»,- դժգոհել Է Զախարովան:
Ավելի վաղ Ռուսաստանի նախագահի օգնական, Կիևի հետ բանակցություններում ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին հայտարարել է, թե Ուկրաինայում ռազմաճակատի գծով ռազմական գործողությունների դադարեցումը կարող է ստեղծել այնպիսի իրավիճակ, ինչպես Լեռնային Ղարաբաղում:
«Եթե խաղաղության մասին հիմա չպայմանավորվենք, այլ պարզապես կնքենք ինչ-որ զինադադար, ապա այդ տարածաշրջանը կվերածվի հսկայական Ղարաբաղի։ Որոշ ժամանակ անց Ուկրաինան ՆԱՏՕ-ի հետ միասին կփորձի նվաճել այն, և դա կլինի մոլորակի վերջը, դա կլինի միջուկային պատերազմ: Մենք չենք ցանկանում, որ ստեղծվի նոր չճանաչված Ղարաբաղ, որը պատճառ կդառնա միջուկային պատերազմի համար»,- ասել է Մեդինսկին: Նա իր խոսքում ԼՂ-ն անվանել է վիճելի տարածք Հայաստանի և Ադրբեջանի միջև:
Ադրբեջանի ԱԳՆ-ում դժգոհ են մնացել Մեդինսկու խոսքերից և արձագանքել հայտարարությանը՝ նշելով, թե այն խեղաթյուրում է իրականությունը: Ադրբեջանի ԱԳՆ-ից հիշեցրել են, որ Ռուսաստանը ճանաչել և շարունակում է ճանաչել ԼՂ-ն որպես Ադրբեջանի մաս:
Կարծիքներ