Սա կարևոր բարոյական և քաղաքական քայլ է. Արցախի ԱԳ նախարարը՝ ԵԽ-ի ընդունած բանաձևի մասին
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը մարտի 10-ին Եվրոպական խորհրդարանի կողմից «Լեռնային Ղարաբաղում մշակութային ժառանգության ոչնչացման մասին» բանաձևի ընդունումը համարում է կարևոր բարոյական և քաղաքական քայլ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Բաբայանը նման տեսակետ հայտնեց Արցախի ԱԺ-ի արտահերթ նիստում, որում քննարկվում էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը, ՄԱԿ-ին և համապատասխան կառույցներին դիմելու մասին ԱՀ ԱԺ-ի հայտարարության նախագիծը:
Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը հիշեցրեց, որ Եվրոպական խորհրդարանը ձայների գերակշիռ մեծամասնությամբ ընդունել է բանաձև, որը դատապարտում է ԼՂ-ում Ադրբեջանի մշակութային ցեղասպանությունը:
«Սա կարևոր բարոյական և քաղաքական քայլ է: Մենք արդեն բավականին երկար ժամանակ աշխատում ենք այդ ուղղությամբ: Եվ դա մեր Հայոց եռամիասնության՝ Արցախի, Հայաստանի, սփյուռքի հաղթանակն է: Բնական է՝ մեծ աշխատանք են տարել նաև մեր այդ կառույցները, Հայ դատը, Արցախի և Հայաստանի համապատասխան ներկայացուցչությունները»,-ասաց Բաբայանը:
Գործընթացը, ըստ նախարարի, եղել է բավականին հագեցած, վերջին պահին ադրբեջանցիները փորձել են որոշ հնարքներ ձեռնարկել, բայց բարեբախտաբար բանաձևը հաջողվել է ընդունել:
«Այսինքն՝ սա կարևոր բարոյական և քաղաքական փոքր, բայց էլի մեզ համար շատ կարևոր առաջընթաց է»,-ասաց ԱԳ նախարարը:
Կարծիքներ