Նարինե Գրիգորյանի բեմադրությամբ «Գոմեշը» միջազգային փառատոնում մրցանակ ստացել «Լավագույն մոնոներկայացում» անվանակարգում

Նարինե Գրիգորյանի բեմադրությամբ «Գոմեշը» միջազգային փառատոնում մրցանակ ստացել «Լավագույն մոնոներկայացում» անվանակարգում

Բելառուսի Բրեստ քաղաքում անցկացված «Բելայա վեժա» XXVI միջազգային փառատոնի շրջանակում ռեժիսոր, դերասանուհի, Համազգային թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Նարինե Գրիգորյանի բեմադրությամբ «Գոմեշը» արժանացել է փորձագետների բարձր գնահատականին և մրցանակ ստացել «Լավագույն մոնոներկայացում» անվանակարգում:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Նարինե Գրիգորյանն ասում է՝ փառատոնը հագեցած և բազմաբովանդակ է եղել. ցուցադրվել են ինչպես մեծահասակների, այնպես էլ մանուկների համար ներկայացումներ: Հանդիսատեսը բեմադրությունները վայելելու հնարավորություն է ունեցել ոչ միայն թատրոններում, այլև բացօթյա հարթակներում:

«Հրանտ Մաթևոսյանի «Գոմեշը» խաղացել եմ հայերեն: Քննարկումների ընթացքում մասնագետները նշում էին, որ թատերական տարածքում այն ուղղակի հայտնություն է, ասում էին՝ ասես անտիկ թատրոն լինի իր ամենամաքուր դրսևորումներով, ասես հող ու ջրից դուրս եկած լինի: Շատ էին խոսում հայոց լեզվի մասին: Թատերասերները զգացել էին տեքստի գեղեցկությունն առանց այն հասկանալու, սակայն ծանոթ էին սյուժեին:  Այն, որ գոմեշն ուզում էր ամեն կերպ պահպանել իր տեսակն այս երկրի վրա, նրանց շատ էր հուզել: Այդ քննարկումից հետո շատ ոգևորված եմ և ուրախ»,-խոստովանում է Գրիգորյանը:

Նրա խոսքով՝ թատրոնն իր ակունքում է գեղեցիկ: «Թատրոնը լցնում ենք գեղեցիկ հագուստներով, դեկորներով, բայց թատրոնի հիմքում պետք է մաքրություն լինի: Երբ լսում էի մասնագետներին, մտածում էի՝ մի՞թե հասել եմ իմ սիրած թատրոնին, երբ լույսը չէ կարևորը, երբ խաղում ես, ու հանդիսատեսը քեզ հետ անցնում է այդ ճանապարհն ու մաքրագործվում»,-ընդգծում է դերասանուհին:

Գրիգորյանը փաստում է՝ արտերկրում հայ թատրոնն արդեն դրական կարծիք է ձևավորել: Հանդիսատեսը սպասում է ներկայացումներին և նշում, որ հայկական բեմադրությունները լավն են:

Առաջիկայում Գրիգորյանը պատրաստվում է մեկնել Գերմանիա՝ մասնակցելու  Հաննովեր քաղաքում կայանալիք թատերական փառատոնին: Բեմ է բարձրացնելու  «Իմ ընտանիքը իմ ճամպրուկում է» մոնոներկայացումը, որի գործողությունները տեղի են ունենում Արցախյան ազատամարտի տարիներին:

«Այդ փառատոնի հանդիսատեսը տիրապետում է ռուսերենին, ուստի խաղալու եմ ռուսերեն, որպեսզի նյութը մատչելի ու հասանելի լինի նրան: Ուզում եմ՝ ներկայացման միջոցով նրանք ևս իմանան մեր պատմությունը, Արցախյան պատերազմը տեսնեն մեր տեսանկյունից»,-շեշտում է Նարինե Գրիգորյանը:

Իսկ Չեխովի անվան թատերական միջազգային փառատոնին Համազգային թատրոնի «Փափլիկը» ներկայացման հաջողությունից հետո Գրիգորյանին առաջակել են բեմադրություն անել  Մոսկվայում՝ Տագանկայի թատրոնում: Ռեժիսորը Մոսկվա է մեկնելու հոկտեմբերին՝  նախապատրաստական աշխատանքների համար: Որոշել է բեմադրել Իվան Տուրգենևի «Մումու» ստեղծագործությունը: Առաջնախաղը կլինի մարտին:

Անդրադառնալով Համազգային թատրոնի շենքին, որի շինարարությունը դեռ շարունակվում է, Գրիգորյանն ասում է՝ հավանաբար այն թատրոնի երկրպագուների առաջ իր դռները կբացի գարնանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում