Գորիս-Կապան հատվածը շրջանցող Տաթև-Աղվանի հանրապետական նշանակության ճանապարհը պատրաստ կլինի տարեվերջին. նախարար
Այս պահին Տաթև-Աղվանի հանրապետական նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգումն ընթացքի մեջ է։ 2021 թ վերջին կունենանք Մ-2-ի Գորիս-Կապան հատվածը շրջանցող Տաթև-Աղվանի հանրապետական նշանակության բարեկարգ ճանապարհ։ ֆեյսբուքի իր էջում այս մասին գրառում է կատարել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը:
«Երեկ ուշ երեկոյան հետևել եմ Տաթև-Աղվանի ճանապարհահատվածի շինաշխատանքներին և համոզվել, որ արվում է առավելագույնը աշխատանքները սահմանված ժամկետին ավարտին հասցնելու համար։ Տաթև-Աղվանի ճանապարհի 43 կմ հատվածի հիմնանորոգման համար բյուջեից հատկացվել է շուրջ 5,25 մլրդ դրամ»,- գրել է նախարարը:
Նա նշել է, որ 2021թ-ին շինարարական աշխատանքներ են կատարվել ընդհանուր երկարությամբ 43 կմ հատվածում։ 12,5 կմ-ի հիմնանորոգումը մեկնարկել էր 2020 թ-ին և այդ աշխատանքներն արդեն ավարտվել են։
Նախարարի հիշեցմամբ՝ 17,5 կմ-ի հիմնանորոգումը մեկնարկել էր 2021թ․ ամռանը և այդ հատվածի աշխատանքների ավարտը սահմանված է այս տարվա վերջ։ Եվս 13 կմ ճանապարհահատվածի հիմնանորոգումը, որը սկսվել էր այս տարի ամռանը, արդեն ավարտական փուլում են։
Կարծիքներ