Շատ լավ կլինի, եթե Լևոն Արոնյանը վերանայի իր որոշումը. ԿԳՄՍ նախարար
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը վստահեցնում է, որ չկա որևէ պաշտոնական պարտավորություն, որ նախարարությունը չի իրականացրել շախմատիստ Լևոն Արոնյանի նկատմամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախարարն այս մասին ասաց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով Արոնյանի՝ Հայաստանից հեռանալու մասին հայտարարությանը:
«Դա սպորտսմենի իրավունքն է, որոշել է, գնում է: Շատ ցավում եմ, որ Արոնյանը նման որոշում է կայացրել: Շատ բարձր եմ գնահատում իր շախմատային նվաճումները, մենք բոլորս հպարտացել ենք նվաճումներով: Նա ներկայացրել է Հայաստանը»,-ասաց Դումանյանը:
Նա նշեց՝ զարմացած է, որ լավ շախմատիստը նման որոշում է կայացրել: «Ուրախ կլինեմ, որ վերանայի իր որոշումը, ուրախ կլինեմ նրան տեսնել մեր բոլորի կողքին:Կարող եմ մեկ բան փաստել՝ իմ ունեցած տվյալների վրա, չկա որևէ մի պաշտոնական պարտավորություն Արոնյանի նկատմամբ, որ նախարարությունը չի կատարել կամ հրաժարվել է կատարելուց»,-ասաց նախարարը:
Դումանյանը նախարարության մասով վստահեցրեց, որ ոլորտի նկատմամբ բոլոր պարտավորությունները կատարված են և կատարվում են առ այսօր:
«Շատ լավ կլինի, եթե նա փոխի իր որոշումը և մնա Հայաստանում՝ մեր կողքին, և մենք շարունակենք իր ապագա նվաճումներով ուրախանալ և հպարտանալ»,-ասաց նա:
Շախմատիստ Լևոն Արոնյանը փետրվարի 26-ի հայտարարություն է տարածել՝ հայտնելով, որ հեռանում է Հայաստանից: Նա մասնավորապես նշել է, որ 1 տարուց ավելի ներկայիս կառավարության խոստումների իրագործմանը սպասելուց հետո հասկացել է, որ ստիպված է կայացնել բեկումնային որոշում և հեռանալ հարազատ երկրից: «Ակնհայտ է, որ փոփոխության ակնկալիքի յուրաքանչյուր տարին իմ մարզական կարիերայի տեսանկյունից վատնված տարի է: Իսկ ես չափազանց բարձր եմ գնահատում ընտանիքիս, հատկապես մայրիկիս զոհաբերությունները՝ որպես շախմատիստ իմ կայանալու գործում, որ չօգտագործեմ առավելագույնին հասնելու իմ հնարավորությունը»,-նշել է Արոնյանը:
Կարծիքներ