Դպրոցների և մանկապարտեզների համար հակահամաճարակային սահմանափակումները մեղմացվել են

Դպրոցների և մանկապարտեզների համար հակահամաճարակային սահմանափակումները մեղմացվել են

ՀՀ առողջապահության նախարարի 2020 թվականի օգոստոսի 4-ի թիվ 17-Ն և 2020 թվականի սեպտեմբերի 18-ի թիվ 24-Ն հրամաններում կատարվել են փոփոխություններ և լրացումներ, որոնց արդյունքում մեղմացվել են դպրոցներում և մանկապարտեզներում կիրառվող որոշ սահմանափակումներ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից:

Այսպես․

Սահմանվել է, որ դասարաններում սովորողների թիվը 20-ից ավելի թույլատրվում է միայն Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գրավոր համաձայնությամբ՝ ապահովելով հակահամաճարակային սանիտարական կանոնների պահանջները։

Դասասենյակներում սոցիալական տարածության՝ մինչ այժմ գործող 1,5 մետրի փոխարեն սահմանվել է 1 մետր հեռավորությունը։

Դպրոցական սննդի կետերի գործունեությունը նույնպես կվերսկսվի՝ սննդի կազմակերպման վայրում թույլատրելով միայն սննդի պատրաստում և վաճառք՝ բացառելով սովորողների մուտքը սննդի կազմակերպման վայր։

Սննդի կազմակերպման տարածք սովորողների մուտքի արգելքը չի տարածվի մասնագիտացված և հատուկ հանրակրթական ուսումնական հաստատությունների վրա, որտեղ սննդի կետերում պարտադիր է ապահովել առողջապահության նախարարի 2020 թվականի օգոստոսի 4-ի թիվ 17-Ն հրամանի 6-րդ հավելվածի պահանջները:

Նախադպրոցական ուսումնական հաստատություններում ընդունելություն կատարելու սահմանափակումը ևս մեղմացվել է։ Սահմանվել է, որ մանկապարտեզները ձեռնպահ են մնում լրացուցիչ ընդունելություն կազմակերպելուց, բացառությամբ՝

այն հերթագրված երեխաների համար, որոնց տնային խնամքը գործնականում հնարավոր չէ ապահովել` ծնողների կամ խնամակալների աշխատանքը հեռավար տարբերակով կազմակերպելու անհնարինությամբ պայմանավորված,

առաջին կամ երկրորդ կարգի հաշմանդամություն, երեք և ավելի երեխա ունեցող կամ զինծառայող ծնողի (ծնողների) երեխաների համար,

կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար,

սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների համար,

Նախադպրոցական ուսումնական հաստատությունների խմբերում երեխաների թիվը սահմանվել է 20՝ 18-ի փոխարեն։ Սոցիալական տարածությունը 1,5 մետրի փոխարեն սահմանվել է 1 մետր։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում