Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին: Հանդիպմանը ներկա էր նաև ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելության տնօրեն Դեյվիդ Հոֆմանը:

Ողջունելով դեսպանին՝ փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ կառավարությանը Հայաստանին հումանիտար աջակցություն ցուցաբերելու համար` շեշտելով նաև կորոնավիրուսի սոցիալ-տնտեսական հետևանքների չեզոքացմանն ուղղված օժանդակությունը:

Մհեր Գրիգորյանը հանդիպման ընթացքում դեսպանին ներկայացրել է Ադրբեջանի կողմից սեպտեմբերին սանձազերծված պատերազմի արդյունքում Արցախում ստեղծված իրավիճակը, ինչպես նաև Կառավարության կողմից հաստատված Արցախի աջակցության ծրագրերը, դրանց բովանդակությունն ու ընթացքը:

ԱՄՆ դեսպան Լինն Թրեյսին փոխվարչապետին հայտնել է ամերիկյան կողմի պատրաստակամությունը՝ շարունակելու ցուցաբերել աջակցություն ինչպես կարճաժամկետ ծրագրերի, այնպես էլ երկարաժամկետ ռազմավարական բարեփոխումների իրականացման ուղղությամբ: Այս շրջանակներում երկուստեք կարևորվել են արդարադատության ոլորտի բարեփոխումները:

Հանդիպման ընթացքում ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրենը ներկայացրել է կազմակերպության կողմից իրականացվող ծրագրերը:

Զրուցակիցները անդրադարձել են հայ-ամերիկյան երկկողմ հարաբերությունների զարգացմանը՝ ընդգծելով Ռազմավարական երկխոսության հարթակի կարևորությունը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում