Time հանդեսն առաջին անգամ կազմել է 100 ամենաազդեցիկ ընկերությունների ցանկը
Ամերիկյան Time հանդեսն առաջին անգամ կազմել է 100 ամենաազդեցիկ ընկերությունների ցանկը, որում տեղ են գտել առաջատար սոցիալական ցանցերը, տեխնոլոգիական ընկերությունները, դեղագործական հսկաները, հեռարձակող ծառայությունները:
Ցանկը կազմելիս հաշվի է առնվել այն հանգամանքը, թե «որ ընկերություններն են բնորոշում ապագան»: «Այդ հարցն է ընկած ամենաազդեցիկ 100 ընկերության առաջին ցանկի կազմման հիմքում»,- նշել է պարբերականը:
Առավել ազդեցիկ ընկերությունների թվում են ընդգրկվել սոցիալական դաշտում առաջատարի դիրքը վաղուց զբաղեցրած Facebook-ը և Twitter-ը, վերջին տարիներին տարածում գտած TikTok-ը, Zoom-ը և Clubhouse-ը:
Վարկանշային ցանկում տեղ են գտել նաև խոշորագույն ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունները, որոնց թվում՝ Apple-ը, Google-ը, Microsoft-ը և Amazon-ը, ինչպես նաև գործարար Իկոն Մասկի Tesla և SpaceX ընկերությունները:
Հանդեսն իր նոր ցանկում ընդգրկել է նաև չինական Alibaba և Huawei, ճապոնական Sony Group, հարավկորեական Samsung ընկերությունները, ամերիկյան Netflix հեռարձակման ծառայությունը, շվեդական Spotify երաժշտական հարթակը և Disney կինոստուդիան:
Համավարակի պայմաններում վարկանշային աղյուսակում չէին կարող չհայտնվել դեղագործական ընկերությունները, որոնցից են ամերիկյան Moderna-ն և Johnson & Johnson-ը, ամերիկա-գերմանական Pfizer/BioNTech-ը: Բացի այդ, ցանկում տեղ են գտել ֆինանսների, էներգետիկայի, լոգիստիկայի, խաղալիքների արտադրության, կահույքագործության և այլ ոլորտներում գործող ընկերություններ:
Կարծիքներ