Թրամփը պատմել է իր դեմ մահափորձի մասին՝ պաշտոնապես ընդունելով իր առաջադրումը որպես նախագահի թեկնածու
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը պաշտոնապես ընդունել է իր առաջադրումը՝ որպես Հանրապետական կուսակցության նախագահի թեկնածու, իր դեմ իրականացված մահափորձից 5 օր անց։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Fox News-ը նշում է, որ Հանրապետականների ազգային համագումարի ժամանակ իր առաջադրումն ընդունելիս Թրամփը կենտրոնացել է ազգային միասնության վրա, նաև պատմել է իր դեմ մահափորձին հաջորդող րոպեների մանրամասները։
«Ես առաջադրվում եմ որպես ամբողջ Ամերիկայի նախագահի թեկնածու, ոչ թե Ամերիկայի կեսի, որովհետև Ամերիկայի կեսում հաղթելը հաղթանակ չէ։ Մեր հասարակությունում առկա տարաձայնությունն ու պառակտումը պետք է բուժվեն։ Որպես ամերիկացիներ, մենք միասին կապված ենք մեկ ճակատագրով և մեր ընդհանուր ճակատագրով: Մենք վերելք ենք կատարում միասին կամ անկում ենք ապրում», - նշել է Թրամփը։
Թրամփը նաև շնորհակալություն է հայտնել հուլիսի 13-ին իր դեմ մահափորձից հետո իրեն ցուցաբերված մեծ աջակցության համար։
«Այնքան շատ մարդիկ են ինձ հարցրել, թե ինչ է տեղի ունեցել, հետևաբար, ես ձեզ կպատմեմ, թե ինչ է տեղի ունեցել։ Դուք սա ինձնից երկրորդ անգամ չեք լսի, քանի որ դա շատ ցավալի է պատմել», - ասել է Թրամփը։
Ըստ Սպիտակ տան նախկին ղեկավարի՝ ինքը փոքր-ինչ շրջել է գլուխը, որպեսզի էկրանին տեսնի ներգաղթի մասին տվյալները։
«Դիագրամը տեսնելու համար ես սկսեցի գլուխս շրջել դեպի աջ և պատրաստվում էի սկսել ավելի շատ շրջել, ինչը, բարեբախտաբար, չարեցի, երբ լսեցի բարձր սուլող ձայն և զգացի, թե ինչպես է ինչ-որ բան հարվածում ինձ շատ, շատ ուժեղ, աջ ականջիս։ Ես ինքս ինձ ասացի՝ այդ ի՞նչ էր, դա միայն կարող էր փամփուշտ լինել», - նշել է Թրամփը։
Նա գովաբանել է գաղտնի ծառայության «շատ քաջ» գործակալներին, որոնք շտապել են բեմ և իրենց մարմնով ծածկել իրեն։ Թրամփը նաև նշել է, որ ողջ է մնացել Աստծո շնորհիվ։
«Ամենուր արյուն էր, սակայն որոշ առումով ես ինձ շատ ապահով էի զգում, որովհետև Աստված իմ կողքին էր.... Ես այսօր չպետք է այստեղ լինեի։ Ես այս դահլիճում այսօր կանգնած եմ ձեր առաջ միայն ամենակարող Աստծո ողորմածությամբ», - հավելել է Թրամփը։
Թրամփը նաև խնդրել է մեկ րոպե լռությամբ հարգել հրշեջ Քորի Քոմփերատորի հիշատակը, որը զոհվել է հուլիսի 13-ին տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ՝ կրակոցներից պաշտպանելով իր ընտանիքը։ Այդ պահին բեմ է բերվել Քորի Քոմփերատորի համազգեստը։
Նա նաև ասել է, որ 6 միլիոն դոլար է հավաքել Քոմփերատորի ընտանիքի և հրաձգության ժամանակ ծանր վիրավորում ստացած ևս երկու հոգու համար։
Թրամփը նաև շնորհակալություն է հայտնել իր կնոջը՝ նախկին առաջին տիկին Մելանյա Թրամփին, այդ երեկո իր կողքին գտնվելու համար։
ԱՄՆ-ում նախագահական ընտրությունները կկայանան նոյեմբերի 5-ին։
Կարծիքներ