Մեկնարկել է ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց քաղաքացիության ձեռք բերման դիմումների ընդունման գործընթացը
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց քաղաքացիության ձեռք բերման դիմումների ընդունման գործընթացն արդեն իսկ մեկնարկել է։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Հումանիտար կենտրոն»-ում կայացած ասուլիսում հայտնել է ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը։
«Մեր այն հայրենակիցները, ովքեր բռնագաղթել են Լեռնային Ղարաբաղից և ցանկանում են դիմել Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու համար, կարող են մոտենալ Զաքյան փողոցում Միգրացիայի և քաղաքացիության ծառայության գրասենյակ։ Բացի այդ, բոլոր մարզերում անձնագրային ծառայություններում նրանք կարող են ներկայացնել այդ դիմումները։ Հնարավորինս ընթացակարգերը պարզեցվել են և մարդիկ դիմելու դեպքում արագ կարգով կարող են ստանալ ՀՀ քաղաքացիություն»,-մանրամասնել է Ղազարյանը։
Նրա խոսքով՝ ՀՀ կառավարության հոկտեմբերի 26-ի որոշմամբ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց վրա տարածված ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ՝ փախստականի վկայական ստանալու համար ևս անհրաժեշտ է մոտենալ անձնագրային ծառայություններ, դիմում ներկայացնել, փոխել հաշվառման հասցեն։
Անդրադառնալով այն մտահոգություններին, որ եթե առկա չէ սեփականատիրոջ համաձայնություն, ապա ինչպե՞ս անձը կարող է հաշվառվել տվյալ հասցեում, ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետը նշել է, որ անձը կարող է մոտենալ անձնագրային ծառայություն, ներկայացնել փաստացի հաշվառման համար դիմում, որից հետո ոստիկանությունը համապատասխան ստուգման արդյունքում անձնագրային ծառայությանը կտրամադրի տեղեկանք, որի հիման վրա անձը փաստացի հիմքով կհաշվառվի տվյալ բնակության հասցեում։
«Ես կցանկանայի նաև փարատել գույքերի սեփականատերերի այն մտահոգությունները, թե հաշվառումն առաջացնում է որևէ գույքային պարտավորություն։ Նման բան մեր օրենսդրությամբ առկա չէ և հաշվառումը որևէ գույքային պարտավորություն չի առաջացնում»,-շեշտել է Ղազարյանը։
Նրա տեղեկատվությամբ՝ Հումանիտար կենտրոններում ԼՂ-ից բռնի տեղահանվածների զանգվածային գրանցումների գործընթացի դադարեցումից հետո, ներկայում ընթացքում է անհատական գործերի ուսումնասիրման և ֆիլտրման փուլը և առաջիկա շաբաթների ընթացքում այս գործընթացը ևս տրամաբանական ավարտին կհասնի, որի արդյունքում ամբողջական տվյալներ կլինեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց վերաբերյալ։
Կարծիքներ