Զելենսկու գրասենյակը Մոսկվային կոչ է արել չմերժել Էրդողանի առաջարկը

Զելենսկու գրասենյակը Մոսկվային կոչ է արել չմերժել Էրդողանի առաջարկը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը հայտարարել է, որ նախագահի գրասենյակը ողջունել է Թուրքիայի ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Կիևի և Մոսկվայի միջև միջնորդ դառնալու ցանկությունը:

Ինչպես գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն, ըստ պաշտոնյայի՝ գրասենյակում կարծում են, որ ճիշտ կլինի, որ Ռուսաստանի Դաշնությունը չմերժի այդ առաջարկը։

Հիշեցնենք, որ Էրդողանը հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ է որպես միջնորդ հանդես գալ ՌԴ-ի և Ուկրաինայի միջև՝ կողմ լինելով տարածաշրջանում խաղաղությանը:

«Մենք հանդես ենք գալիս տարածաշրջանում խաղաղության օգտին… Մենք շատ անգամ ենք քննարկել այդ հարցերը բարեկամ Ռուսաստանի և հատկապես ՌԴ նախագահի հետ: Մենք պատրաստ ենք միջնորդության՝ բանակցություններ վարելով ինչպես Ռուսաստանի, այնպես էլ պարոն Պուտինի հետ: Մենք կցանկանայինք մասնակցել այս հարցի կարգավորմանը»,- ասել է Էրդողանը լրագրողների հետ զրույցում:

«Իհարկե, մենք ողջունում ենք բոլոր ջանքերը, որոնք ուղղված են Ուկրաինային խաղաղության վերադարձի օպտիմալ լուծում գտնելուն... Եվ առավել ևս մենք ողջունում ենք այնպիսի հզոր խաղացողի ջանքերը, որն այսօր Թուրքիան է համաշխարհային քաղաքական դաշտում:

Նախագահներ Զելենսկին և Էրդողանը բազմիցս քննարկել են, թե ինչ կարելի է անել մեր տարածաշրջանում իրավիճակն արդյունավետ կայունացնելու համար։ Ընդ որում, նշեմ, որ Թուրքիայի նախագահը, իր ռուս գործընկերոջ հետ շփումներում, մշտապես փորձում է ընդգծել տարածաշրջանային անվտանգության խնդիրները։ Հատկապես այն առումներով, որոնք վերաբերում են Ղրիմի թաթարների ճակատագրին:

Մենք շատ բարձր ենք գնահատում նախագահ Էրդողանի այս գործունեությունը և շնորհակալ ենք դրա համար, և ճիշտ կլինի, որ ռուսական կողմը չմերժի նախագահի միջնորդական ջանքերը։ Թուրքիայի այս ջանքերն արդար են, հավասարակշռված և արտացոլում են մեր ամբողջ տարածաշրջանի շահերը»,- ասել է Պոդոլյակը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում