ԼՂ պատմամշակութային ժառանգությանը սպառնացող վտանգները հասցեագրելու հարցում ՅՈՒՆԵՍԿՕ-ից գործուն քայլեր են ակնկալվում
Հուլիսի 10-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Արամ Հակոբյանն իր հավատարմագրերն է հանձնել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեին։
Արարողությանը հաջորդած առանձնազրույցի ընթացքում զրուցակիցները քննարկել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի և Հայաստանի միջև համագործակցության ընդլայնման հեռանկարներին, ինչպես նաև Կազմակերպության առաջնայնություններին առնչվող մի շարք հարցեր։
ՀՀ մշտական ներկայացուցիչը վերահաստատել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գործադիր խորհրդի անդամակցության շրջանակում Հայաստանի կողմից ստանձնած հանձնառությունների կյանքի կոչման և Կազմակերպության ծրագրային առաջնայնությունների իրականացման ուղղությամբ շարունակական ջանքերի գործադրման պատրաստակամությունը։
Անդրադառնալով մշակութային ժառանգության պաշտպանության ուղղությամբ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից իրականացվող նախաձեռնություններին՝ ՀՀ մշտական ներկայացուցիչը Գլխավոր տնօրենի ուշադրությունն է հրավիրել Լեռնային Ղարաբաղի պատմամշակութային ժառանգությանը սպառնացող վտանգներին և ընդգծել դրանք հասցեագրելու հարցում ՅՈՒՆԵՍԿՕ-ից ակնկալվող գործուն քայլերի կարևորությունը։
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեն շնորհավորել է ՀՀ մշտական ներկայացուցչին պաշտոնի ստանձնման կապակցությամբ՝ հաջողություն մաղթելով պատասխանատու առաքելության իրականացման գործում:
Կարծիքներ