Իրաքում հայտարարել են միջազգային կոալիցիայի զորքերի դուրսբերման մասին
Իրաքի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Քասեմ ալ-Արաջին հայտարարել է Իրաքում միջազգային կոալիցիայի մարտական առաքելության ավարտի և նրանց ուժերի դուրսբերման մասին, փոխանցում է РИА Новости գործակալությունը։
Ավելի վաղ Իրաքի զինված ուժերի հրամանատարության միացյալ շտաբի ներկայացուցիչ Թահսին ալ-Հաֆաջին հայտարարել էր, որ օտարերկրյա մարտական ստորաբաժանումների մեծ մասը լքել է Իրաքը։
«Այսօր մենք ավարտել ենք միջազգային կոալիցիայի հետ երկխոսության վերջին փուլը, որը սկսել էինք անցյալ տարի՝ պաշտոնապես հայտարարելու կոալիցիոն ուժերի ռազմական առաքելության ավարտի և Իրաքից նրանց դուրսբերման մասին», – Twitter-ում ասել է ալ-Արաջին:
Նրա խոսքով՝ միջազգային կոալիցիայի հետ հարաբերությունները կշարունակվեն վերապատրաստման և խորհրդատվության ոլորտում։
Իր հերթին ԱՄՆ-ն ավելի վաղ հայտնել էր, որ երկիրը կդադարեցնի մասնակցությունն Իրաքում ռազմական գործողություններին մինչև դեկտեմբերի 31-ը։
2020 թվականի հունվարի 5-ին Իրաքի խորհրդարանը ձայների մեծամասնությամբ քվեարկել էր օտարերկրյա զորքերի դուրսբերման օգտին, ինչպես նաև կողմ էր արտահայտվել ԱՄՆ-ի գլխավորած հակաահաբեկչական կոալիցիայի հետ համագործակցության ձևաչափի վերանայմանը: Այս միջոցները պատասխան էին Բաղդադի օդանավակայանի տարածքում ԱՄՆ-ի գործողությանը, որի հետևանքով 2020 թվականի հունվարի 3-ի գիշերը սպանվել էին իրանցի գեներալ, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հատուկ նշանակության ջոկատի հրամանատար Ղասեմ Սուլեյմանին և իրաքյան շիա աշխարհազորայինների ղեկավարի տեղակալ Աբու Մահդի ալ-Մուհանդիսը։
Կարծիքներ