Արմավիրի համայնքապետը հայտնել է, թե ինչ ծրագրեր են իրականացնելու 2023 թվականին
Արմավիրի համայնքապետ Դավիթ Խուդաթյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ հայտնելով, որ աշխատանքային տարվա մեկնարկը տրված է:
Ըստ նրա՝ պետական համաֆինանսավորման (սուբվենցիոն) ծրագրով Արմավիր համայնքի 2023 թվականի հայտի արժեքը 2.9 միլիարդ դրամ է՝ նախորդ տարվա 800 միլիոն դրամի փոխարեն:
«Այսպիսով՝ 2023 թվականին նախատեսվող աշխատանքների ծավալը 3.6 անգամ ավելին է, քան 2022 թվականինը: Համայնքի մասնաբաժինն իրականացվող աշխատանքներում 1.6 միլիարդ դրամ է:
Նախատեսված է Արմավիր քաղաքի և գյուղական բնակավայրերի մի շարք կենտրոնական փողոցների կապիտալ նորոգում, մայթերի սալիկապատում, խմելու և ոռոգման ջրագծերի անցկացում, մանկապարտեզների կապիտալ նորոգում և ամբողջական կահավորում, զբոսայգիների նորոգում և կառուցում, Արմավիր քաղաքի կենտրոնական շատրվանների վերակառուցում՝ լազերային արդիական լուսավորությամբ, ձայնային էֆեկտներով:
Աշխատանքների աշխարհագրությանը, առանձին աշխատանքներին կանդրադառնանք առաջիկայում:
Խաղաղ և արդյունավետ աշխատանքային տարի եմ ցանկանում բոլորիս»,- գրել է նա:
Կարծիքներ