Զգո՛ն եղեք, ապատեղեկատվություն է․ «Իմ քայլը» հիմնադրամը պարզաբանում է ներկայացրել

Զգո՛ն եղեք, ապատեղեկատվություն է․ «Իմ քայլը» հիմնադրամը պարզաբանում է ներկայացրել

«Իմ քայլը» հիմնադրամը անդրադարձել է «Հրապարակ» օրաթերթում հրապարակված հոդվածին՝ հերքելով ներկայացված պնդումները և ընդգծելով, որ ծրագրերը չունեն նախընտրական կամ քաղաքական նպատակներ, այլ իրականացվում են երկարաժամկետ և թափանցիկ սկզբունքներով։

Այսօր «Հրապարակ» օրաթերթում հրապարակվել է հոդված «Իմ քայլը» հիմնադրամի գործունեության և առաջիկա ընտրությունների վերաբերյալ, որի կապակցությամբ հարկ ենք համարում ներկայացնել մի քանի պարզաբանում։ Ստորև ներկայացնում ենք փաստերի վրա հիմնված պարզաբանումը՝ կետ առ կետ։

 

1. ««Իմ քայլը» հիմնադրամը նախընտրական բուռն գործունեություն է ծավալել։ Ընտրություններից առաջ նորանոր ծրագրեր է իրականացնում, փողեր է, որ բաժանում է»,– գրված է հոդվածում:

Եթե լրագրողը ցուցաբերեր նվազագույն պրոֆեսիոնալ մոտեցում և ուսումնասիրեր հիմնադրամի պաշտոնական աղբյուրները, կտեսներ, որ նշված ծրագրերից որևէ մեկը նոր, առավելևս՝ նորանոր չէ։ Հիմնադրամի բոլոր ծրագրերն ու դրանց իրականացման մասշտաբները հաստատվում են ամեն տարեսկզբին հոգաբարձուների խորհրդի կողմից:

 

«Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտում» ծրագիրն իրականացվում է դեռևս 2022 թվականից, իսկ «Հաջողակից` սկսնակին» ծրագիրը՝ 2024 թվականի գարնանից։ Հետևաբար, խոսել «նախընտրական շրջանում նոր ծրագրերի մեկնարկի» մասին փաստերի լիարժեք չուսումնասիրման արդյունք է լրագրողի կողմից։

 

2. «Նաև լրագրողներին է կաշառում։ Այս վերջինը Աննա Հակոբյանի նոր նախաձեռնություններից է»,– գրված է հոդվածում:

 

«Հրապարակ»-ի լրագրողը, քիչ թե շատ պրոֆեսիոնալիզմ ունենալու պարագայում, նաև կբացահայտեր, թե լրագրողներին «կաշառելու» ծրագրերի մասին հիմնադրամի էջում առաջին հայտարարությունը երբ է եղել: Դեռևս անցած տարվա ապրիլի 2-ից ՀՀ ԶԼՄ-ների ներկայացուցիչների համար հայտարարված էր մրցույթ: Իսկ այս տարվա հունվարի 29-ին հայտարարել էինք Oxford Training Center-ի կողմից կազմակերպված վերապատրաստման դասընթացի մասնակցության հնարավորության մասին: Ծրագիրն ունեցել է բաց և թափանցիկ հայտագրման գործընթաց, և ինչպես մեր մյուս բոլոր ծրագրերի դեպքում, շահառուներն ընտրվել են առանց որևէ խտրականության:

 

Օգտվելով առիթից՝ կոչ ենք անում «Հրապարակ» օրաթերթի, ինչպես նաև ՀՀ բոլոր լրատվամիջոցների ներկայացուցիչներին ակտիվորեն մասնակցել մեր նշված ծրագրին։ Հաշվի առնելով ոլորտում մասնագիտական կարողությունների զարգացման անհրաժեշտությունը՝ նման նախաձեռնությունները կրում են երկարաժամկետ և համակարգային նշանակություն:

 

3. «Մարզերում կանանց ակումբներ է բացում, որտեղ անվճար յոգա են պարապում: Հավանաբար, այդ յոգայի սրահները շուտով ՔՊ քարոզչության ոչ պաշտոնական կենտրոններ կդառնան»,– գրված է հոդվածում:

 

Այս ձևակերպումը որևէ փաստական հիմք չունեցող ենթադրություն է։ Նույն տրամաբանությամբ կարող ենք ենթադրել, որ «Հրապարակ» օրաթերթի խմբագրակազմը շուտով ոչ պաշտոնապես կտեղակայվի Աննա Հակոբյանի` Հանրապետության հրապարակում գտնվող շենքի նախկին աշխատասենյակում։

 

4. «Արդյո՞ք «Կրթվելը նորաձև է»-ի և «Իմ քայլի» թվարկված կազմակերպության այս ծրագրերն ընտրակաշառք չեն»,– գրված է հոդվածում:

 

Եթե լրագրողը չնչին իսկ պրոֆեսիոնալիզմ ունենար, ինքն իր այս հարցին կպատասխաներ` հղում անելով ՀՀ քրեական օրենսգրքի 219-րդ հոդվածին։

 

Նշված հոդվածի իմաստով ընտրակաշառք է համարվում ընտրողին գույք` ներառյալ դրամական միջոց, արժեթուղթ, վճարային այլ գործիք, գույքի նկատմամբ իրավունք, ծառայություն կամ որևէ այլ առավելություն առաջարկելը, խոստանալը կամ տալը, բայց շատ կոնկրետ պայմանով՝ ընտրությանը մասնակցելու, ընտրությանը որևէ ձևով քվեարկելու, քվեաթերթիկն անվավեր դարձնելու կամ ընտրությանը մասնակցելուց հրաժարվելու պայմանով։

 

«Իմ քայլը» հիմնադրամի որևէ ծրագիր նման նպատակ չի հետապնդում և որևէ քաղաքական ընտրության հետ չի կապվում։

 

5. «Մեկ շաբաթ անց «Կրթվելը նորաձև է» շարժմանը իրավական կարգավիճակ տվեցին` գրանցելով այն որպես հասարակական կազմակերպություն»,– գրված է հոդվածում:

 

Եթե «Հրապարակ»-ին հաջողվի ապացուցել, որ «Կրթվելը նորաձև է» շարժումը գրանցվել է որպես ՀԿ, սիրով ամբողջ խմբագրակազմին կուղարկենք քաղցրավենիք և ծաղիկներ։

 

6. «Փաստորեն, Աննա Հակոբյանին կարելի է ՀԿ գրանցել և զբաղվել բարեգործությամբ, իսկ, օրինակ, «Ուժեղ Հայաստանի» ներկայացուցիչ, «Վետերանների միավորում» ՀԿ ղեկավար Գոհար Ղումաշյանին՝ ոչ»,– գրված է հոդվածում:

 

Հոդվածում փորձ է արվում կապել Աննա Հակոբյանին քաղաքական գործընթացների և կուսակցական գործունեության հետ։ Եթե «Հրապարակ»-ին հաջողվի ապացուցել, որ Աննա Հակոբյանը որևէ ՀԿ է գրանցել, որևէ կուսակցության անդամ է կամ բարեգործական ծրագրերի անվան տակ իրականացնում է քաղաքական քարոզչություն, ապա կրկնակի քաղցրավենիք և ծաղկեփնջեր կուղարկենք ամբողջ խմբագրակազմին։

 

Աննա Հակոբյանը ոչ միայն «Իմ քայլը» հիմնադրամի բոլոր շահառուներին, այլև ՀՀ բոլոր քաղաքացիներին կոչ չի անում ընտրել այս կամ այն քաղաքական ուժին:

 

Աննա Հակոբյանը բոլոր ընտրական իրավունք ունեցող ՀՀ քաղաքացիներին կոչ է անում ընտրություն կատարելիս առաջնորդվել բացառապես սեփական համոզմունքներով, սկզբունքներով, ցանկություններով խղճով և մտքով: Սա ամենաթանկ, ամենաճակատագրական «զենքն» է, որ գտնվում է ՀՀ քաղաքացու ձեռքում»,- ասվում է հիմնադրամի տարածած հաղորդագրությունում:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում