7.8 մլրդ դրամ կհատկացվի ճանապարհահատվածների շինարարության համար
Կառավարությունն ընդունել է որոշում, որի նպատակն է նախատեսել ֆինանսական միջոցներ՝ 2022 թ. հիմնանորոգման ծրագրի 11 ճանապարհահատվածների շինարարության համար։ Ըստ այդմ՝ առաջարկվում է 7.8 մլրդ դրամ հատկացնել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը «Ճանապարհային ցանցի բարելավում» ծրագրի «Պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգում» միջոցառման կատարումն ապահովելու նպատակով:
Ինչպես նշել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, ընդհանուր առմամբ նախատեսվում է հիմնանորոգել 62.5 կմ ընդհանուր երկարությամբ ավտոճանապարհ, որից միջպետական նշանակության ավտոճանապարհներ` 8.5 կմ, հանրապետական նշանակության ավտոճանապարհներ` 39.4 կմ և մարզային (տեղական) նշանակության ավտոճանապարհներ` 14.6 կմ: Նախատեսվում է հատկացնել 7,783,373,527 ՀՀ դրամ, որից շինարարական աշխատանքների իրականացման համար՝ 7,679,458,700 ՀՀ դրամ, տեխնիկական հսկողության ծառայությունների համար՝ 46,326,365 ՀՀ դրամ, հեղինակային հսկողության ծառայությունների համար՝ 57,588,462 ՀՀ դրամ։
Մասնավորապես, կհիմնանորոգվի Մ-3, Թուրքիայի սահման - Մարգարա - Վանաձոր - Տաշիր - Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհը (Վարդանաշեն, Երասխահուն, Ջրաշեն, Լուսագյուղ), Աբովյան - Արզնի հանրապետական նշանակության ավտոճանապարհը, Նոր Գեղի - Արգել - Արզական - Հրազդան հանրապետական նշանակության ավտոճանապարհը, Իջևան - Նավուր - Բերդ - Այգեպար հանրապետական նշանակության ավտոճանապարհի՝ Իջևան, Իծաքար բնակավայրերի հատվածը և այլն:
Աշխատանքները կմեկնարկեն 2022 թ. հունիսին և կավարտվեն մինչև տարեվերջ:
Կարծիքներ