Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն 11 մլն դոլար է հատկացրել «Բի Բի Սի»-ին՝ լսարանի ընդլայնման և կեղծ լուրերի դեմ պայքարի համար
Բրիտանական «Բի Բի Սի» հեռուստաալիքի համաշխարհային ծառայությունը 2021-2022 թվականներին հավելյալ 8 մլն ֆունտ ստերլինգ (11 մլն դոլար) ֆինանսավորում կստանա՝ լսարանի ընդլայնման, ինչպես նաև ապատեղեկատվության և կեղծ լուրերի դեմ պայքարի համար: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ այս մասին ասվում է Միացյալ Թագավորության ԱԳՆ հայտարարության մեջ:
«Աշխարհում, որտեղ պետություններն ու հանցավոր խմբավորումները խեղաթյուրում են նորությունները, որպեսզի շահագործեն և ճնշեն մարդկանց, կենսականորեն կարևոր է ողջ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների անկախ և օբյեկտիվ լուսաբանումը», -ասվում է ԱԳՆ հաղորդագրության մեջ:
Թագավորության ԱԳՆ-ից ընդգծել են, որ որոշ պետություններ ինտերնետային ծրագրեր (համացանցային բոտեր) են օգտագործում սոցցանցերում վնասակար տեղեկություն տարածելու նպատակով:
Նշվում է, որ կառավարության աջակցությունը կօգնի հեռուստաընկերությանը շարունակել լրագրողական հետաքննություններ իրականացնել, այդ թվում՝ Աֆրիկայի և Մերձավոր Արևելքի երկրներում:
Ֆինանսական հավելյալ աջակցությունը «Բի Բի Սի»-ի համաշխարհային ծառայությունը, որը հեռարձակվում է 42 լեզվով, հատկացվել է երկրի անվտանգության, պաշտպանության և արտաքին քաղաքականության համալիր հարցերի դիտարկումից հետո:
Ներկա պահին «Բի Բի Սի»-ի լսարանը գնահատվում է շաբաթական 351 մլն մարդ: Այս ցուցանիշը վերջին 5 տարում աճել է 40 տոկոսով:
Կարծիքներ