Քիմ Քարդաշյանը շնորհակալություն է հայտնել Ջո Բայդենին
Հայազգի հայտնի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում շնորհակալություն է հայտնել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին՝ Հայոց ցեղասպանության տարելիցին «ցեղասպանություն» եզրույթն օգտագործելու համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Քարդաշյանը, մասնավորապես, նշել է, որ ճշմարտության և ճանաչման ավելի քան 100-ամյա պայքարից հետո, հայ ժողովուրդը ստացավ ճանաչումը, երբ նախագահ Բայդենն իր ելույթում ցեղասպանություն անվանեց 1915 թվականին 1,5 միլիոն հայերի կոտորածը։
«Ես հպարտ եմ իմ ժառանգությամբ, հայ համայնքով: Շնորհակալ եմ նախագահ Բայդենին՝ այդ օրը յուրաքանչյուր հային շնորհելու համար, շնորհակալ եմ ճշմարտության համար: Չնայած՝ սպանված հայերին ոչինչ այլևս չի վերադարձնի, բայց ես հույս ունեմ, որ այժմ նրանց հարազատները հանգստություն կզգան։ Յուրաքանչյուր տարի ես շարունակելու եմ այդ օրը հարգել և հիշել նրանց, ում մենք կորցրել ենք, բայց այսուհետ այն հույսով, որ ցեղասպանության ճանաչումից հետո այլևս երբեք թույլ չենք տալու, որպեսզի կրկնվեն անցյալի ոճրագործությունները։ Շնորհակալություն, նախագահ Բայդեն, ճշմարտությունն ասելու Ձեր խիզախության համար, որը մյուսները նախընտրեցին թաքցնել»,- գրառման մեջ ընդգծել է Քարդաշյանը:
Կարծիքներ