Բացահայտվել է թմրամիջոցների արտադրման և աճեցման լաբորատորիա. (տեսանյութ)
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական մեծածավալ գործողությունների, ինչպես նաև՝ ոստիկանության ծառայողների հետ համատեղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում բացահայտվել է խմբի կողմից թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու, լաբորատոր պայմաններում առերևույթ թմրամիջոցներ պատրաստելու դեպք:
Մասնավորապես, ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ ԹԱՇԴՊ վարչության բժշկական թմրադեղերի անօրինական շրջանառության և տարածման դեմ պայքարի բաժնից հաղորդում է ստացվել՝ խմբի կողմից առանձնապես խոշոր չափերի հասնող, տարբեր տեսակի թմրամիջոցներ ապօրինի ձեռք բերելու, պատրաստելու, պահելու և իրացնելու վայրերի վերաբերյալ:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, նախաձեռնվել է քրեական վարույթ:
Վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային անհետաձգելի գործողությունների արդյունքում պարզվել են թմրամիջոցների ապօրինի շրջանառության կազմակերպման վայրերը, ինչպես նաև՝ խմբի անդամներից հինգի ինքնությունը, որոնցից երկուսը հանդիսանում են ՌԴ, երեքը՝ ՀՀ քաղաքացիներ:
Քննչական բաժնի քննիչների կողմից, օրենքով սահմանված կարգով, մի շարք հասցեներում կատարվել են խուզարկություններ, որոնց արդյունքում հայտնաբերվել են տարբեր քաշերի, ընդհանուր՝ 35 գրամ քաշով բյուրեղանման զանգվածներ, դեղնականաչավուն կանեփանման զանգված` 8 գրամ քաշով, խծուծներ, թվով 9 փաթեթներ` ընդհանուր 17 գրամ քաշով, պարզման ենթակա բնույթի զանգված` 4 գրամ քաշով, ապակե տարա` 51 գրամ քաշով, դեղնականաչավուն զանգվածներ, ապակյա կաթուցիչ, ապակյա գլանակ և ապակյա ծխամորճ` այրված և մոխրացած հետքերով, 30 պարկերի մեջ աճեցվող կանեփանման բույսեր, տարբեր տեսակի քիմիական զանգվածներ, ապակյա տարա` դեղնականաչավուն զանգվածի պարունակությամբ` 0.93 գրամ քաշով, կանաչ գույնի իր` գորշ, վառված զանգվածի պարունակությամբ:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում նշված անձինք հայտնաբերվել և, անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով, ձերբակալվել են:
Քրեական վարույթով նշանակվել է դատաքիմիական և դատաբուսաբանական համալիր փորձաքննություն:
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ հանցավոր խմբավորման այլ անձանց մասնակցությունը, ինչպես նաև՝ թմրամիջոցների ձեռք բերման աղբյուրը պարզելու ուղղությամբ:
Ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը տրվել են հանձնարարություններ:
Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Կարծիքներ