Ադրբեջանը հստակ նպատակ է ունեցել էթնիկ զտումներ կատարել Լեռնային Ղարաբաղում և կյանքի է կոչել այդ նպատակը. Ռուբինյան
ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը հայտարարել է, թե ադրբեջանցի պատվիրակները ԵԽԽՎ–ում հանդես են գալիս ագրեսիվ հայտարարություններով, ինչն անընդունելի է։
Ըստ նրա՝ ԵԽԽՎ նախագահությունը չպետք է նման բան թույլ տա. «Ամեն ինչ պարզ է։ Ադրբեջանը հստակ մտադրություն ուներ հայերի էթնիկ զտում իրականացնել Լեռնային Ղարաբաղում, ինչը և արեց։ Բայց այս քննարկման մեջ ապշեցնում է մեր ադրբեջանցի գործընկերների ցինիզմի մակարդակը։ Նրանք ստանձնել են իրենց ավտորիտար, ցեղասպան ռեժիմի պաշտպանների դերը։ Նրանք պնդում են, թե Լեռնային Ղարաբաղի հայերը Ադրբեջանի քաղաքացիներ են, իսկ Ադրբեջանը բազմազգ դրախտ է երկրի վրա։ Նկատեցի՞ք, որ նրանցից ոչ մեկը մեկ բառ անգամ չասեց 100․000 հայերի ճակատագրի, նրանց կարիքների վերաբերյալ։ Նրանցից ոչ մեկը ցավակցական մի բառ չասաց այն մարդկանց մասին, որոնք զոհվել են, բաժանվել են իրենց ընտանիքներից։ Բայց եթե հաշվի առնենք, որ այն, ինչ կատարվեց, ռեժիմի հստակ մտադրությունն էր, ամեն ինչ տրամաբանական է դառնում։
Բայց սա ամենը չէ։ Այս մարդիկ այնքան զուրկ են ամոթից, որ նույնիսկ մի ամբողջ բնակչություն էթնիկ զտման ենթարկելուց մի քանի շաբաթ հետո գալիս են այս կազմակերպություն և Հայաստանը արևմտյան Ադրբեջան են անվանում»,– ասել է Ռուբեն Ռուբինյանը՝ արձագանքելով Ադրբեջանի պատվիրակ Քամալ Ջաֆարովի ելույթին։
Ըստ նրա՝ պետք չէ հանճար լինել՝ հասկանալու համար, որ Ադրբեջանի վերջին գործողությունները ցույց են տալիս, որ այդ երկիրը սպառնալիք է դարձել միջազգային իրավակարգի համար. «Եվ այս ռեժիմը պետք է պատժվի օրենքով։ Եվ մենք, որպես Հայաստանի պատվիրակություն, ակնկալում ենք ձեզնից յուրաքանչյուրի, որպես միջազգային հանրության ներկայացուցչի, աջակցությունն այս հարցում, որովհետև սա միայն Հայաստանի հարցը չէ, սա միջազգային իրավակարգի խնդիր է։ Հարգելի նախագահողներ, խնդրում եմ թուլ չտալ որևէ մեկին՝ այստեղ օգտագործել իռեդենտիստական, ագրեսիվ տերմիններ։ Անթույլատրելի է Հայաստանը արևմտյան Ադրբեջան անվանելը, կարծում եմ՝ կարիք չկա բացատրելու, թե ինչու»,- ասել է նա։
Կարծիքներ