Բեռները շուրջ 3 ժամ է՝ կանգնած են Կոռնիձորի սահմանային մասում. Սարգսյանը խոսել է գիշերը ԼՂ տեղափոխելու երաշխիքների մասին
Բեռնատարները, որոնք պետք է հումանիտար բեռը հասցնեն ԼՂ, դեռևս Կոռնիձորի սահմանային հատվածում են:
ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խմբի ներկայացուցիչ Վարդան Սարգսյանը «Լուրերի» հետ զրույցում նշել է, թե այս պահի դրությամբ վաղ է խոսել երաշխիքների մասին, որ բեռները կհաջողվի տեղ հասցնել:
Հարցին` եթե գիշերվա ընթացքում թույլ չտան տեղափոխել բեռները, որն է լինելու հաջորդ քայլը, Սարգսյանը պատասխանել է.
«Քայլերը պայմանավորված կլինեն իրադարձությունների զարգացմամբ, այս պահի դրությամբ պետք է արձանագրել, որ բեռները շուրջ երեք ժամ կանգնած են, նոր զարգացումներ չունենք»:
Սարգսյանը հայտնել է, որ Հայաստանի թիվ մեկ առաջնահերթությունը հումանիտար բեռներն օր առաջ ԼՂ բնակչությանը հասցնելն է, և այս առումով ակնկալում են Ադրբեջանի կառուցողական մոտեցումը:
Հիշեցնենք՝ այսօր հայտնի էր դարձել, որ մարդասիրական օգնությամբ բեռնված երկու տասնյակ բեռնատար 400 տոննա հումանիտար օգնություն կհասցնի մինչև Կոռնիձոր: Ըստ Կառավարության աղբյուրի՝ նախատեսվում է ռուս խաղաղապահների միջոցով հումանիտար օգնություն փոխանցել արդեն 227 օր շրջափակման մեջ գտնվող Լեռնային Ղարաբաղի ժողովրդին։
ԼՂ է ուղարկվել 60 տոննա շաքարավազ, 40 տոննա ձեթ, 100 տոննա ալյուր, 80 տոննա մակարոնեղեն, 20 տոննա աղ, 40 տոննա կաթի փոշի, 12 տոննա մանկական սնունդ և 9 տոննա դեղորայք:
Հումանիտար օգնությունը հասել է Կոռնիձոր գյուղ:
Կարծիքներ