Ի՞նչ փաստաթղթով է կարգավորվում Գորիս-Կապան ճանապարհի կարգավիճակը. Վանեցյանն ակնկալում է իշխանության պարզաբանումը
«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Կապան-Գորիս միջպետական ճանապարհի Կարմրաքար-Շուռնուխ հատվածը փակելու հանգամանքին՝ իշխանությունից պահանջելով պարզաբանում ներկայացնել ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Վանեցյանը ցանկություն հայտնեց, որպեսզի ՀՀ վարչապետը իր եզրափակիչ ելույթում անդրադառնա, թե, ի վերջո, ինչ փաստաթղթով է կարգավորվում Գորիս-Կապան միջպետական ճանապարհի կարգավիճակը:
«Մենք հիմա այստեղ քննարկում ենք Կառավարության ծրագիրը` երեկ և առաջին օրը ունենում ենք ինչ-որ բանավեճեր, բանը հասնում է մարտերի, բայց մեր երկրի անվտանգությունը գտնվում է լուրջ սպառնալիքի տակ: Մեր թշնամի երկիրը փակել է միջպետական ճանապարհ և մինչև այս պահը տեղյակ չենք, թե արդյոք Սյունիքի մարզը կտրված է Հայաստանի Հանրապետության մնացած մարզերից, թե ոչ: Պաշտպանության նախարարը ասում էր, եթե Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքը անգամ մեկ սանտիմետր խախտեն, կիրառվելու է ուժ և թշնամին դուրս է շպրտվելու: Պարոն նախարար, խնդրում եմ ձեր մեկնաբանությունը այս հարցով, ի վերջո միջպետական ճանապարհը, մեր ինքնիշխան տարա՞ծքն է, թե՞ ոչ»,- ասաց Վանեցյանը:
Արթուր Վանեցյանի հայտարարությանն արձագանքեց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը. «Պարոն Վանեցյան, այնուամենայնիվ, կարծում եմ, որ որպես ոչ զրոյական փորձ ունեցող սպա, հայտարարություն անելուց առաջ պիտի ուշադիր լինեք: Սյունիքը կտրված չէ, իսկ ինչ վերաբերվում է մատնանշված իրավիճակին, վստահ եմ Հայաստանի վարչապետը իր ելույթում դրան կանդրադառնա»,- նշեց Սիմոնյանը:
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացրել է, որ օգոստոսի 25-ին ժամը 23:00-ի սահմաններում ադրբեջանական կողմը փակել է Կապան-Գորիս միջպետական ճանապարհի Կարմրաքար-Շուռնուխ հատվածը: Ըստ ԱԱԾ հաղորդագրության` նշված հատվածում գտնվող տրանսպորտային միջոցները տարհանվել են և աշխատանքներ են իրականացվում ճանապարհը բացելու, մարդկանց և տրանսպորտային միջոցների տեղաշարժի բնականոն աշխատանքը վերականգնելու ուղղությամբ:
Կարծիքներ