Ձեր հաղթանակը պետության հաղթանակն է. ՀՀ ԿԳՄՍ նախարարն ընդունել է ԵԱ-ի և ԱԱ-ի մեդալակիր մարմնամարզիկներին
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ապրիլի 20-ին ընդունել է Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականի անդամներին, որոնք օրերս մեդալներով վերադարձել են Թուրքիայում անցկացված աշխարհի երիտասարդների և Եվրոպայի մեծահասակների առաջնություններից:
Ինչպես տեղեկանում ենք ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, մեդալակիր մարզիկների հետ հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, սպորտային մարմնամարզության հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը, մարզիչ Հայկ Նազարյանը, ֆեդերացիայի այլ ներկայացուցիչներ:
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ողջունելով հյուրերին, շնորհավորել է վերջին հաջողությունների առթիվ և նշել՝ մարզիկների հաղթանակները շատ ոգևորիչ են և պետության համար մեծ արժեք են ներկայացնում:
«Չեք էլ կարող պատկերացնել, թե ձեր հաղթանակներով և լավ ելույթներով որքան եք ոգևորում բոլորիս: Համարում եմ, որ ձեր հաղթանակները միայն անձնական նվաճումներ չեն. դրանց շնորհիվ դուք ներկայացնում եք պետություն, բարձրացնում եք երկրի դրոշն ու հնչեցնում օրհներգը: Ձեր հաղթանակը նաև պետության հաղթանակն է: Այս օրերին, երբ մենք անընդհատ բախվում ենք նոր մարտահրավերների, խնդիրների և դժվարությունների, սպորտն այն ոլորտն է, որը նաև մեր ժողովրդին է ոգևորում: Իսկապես, շատ ենք հպարտանում ձեր հաղթանակներով»,- ասել է Ժաննա Անդրեասյանն ու ընդգծել՝ հատկապես ոգևորիչ է, որ մեր երկրի հիմնը հնչում է նաև այն երկրներում, որտեղ դա մեզ համար առանձնահատուկ կարևոր է և խորհրդանշական:
Ժաննա Անդրեասյանը նաև փաստել է, որ մարմնամարզության երբեմնի լավ ավանդույթներն ու լեգենդար անուններն այսօր վերականգնվում են.
«Պետության պարտքը պետք է լինի հասկանալ, թե ինչպես կարող ենք ավելի խրախուսել, որպեսզի դուք ունենաք բոլոր անհրաժեշտ պայմանները և կենտրոնանաք ձեր մարզումների, առաջիկա մրցաշարերի և մրցելույթների վրա: Պետք է անենք հնարավոր ամեն բան, որպեսզի դուք լավ տրամադրությամբ մեկնեք մրցումների և նոր հաղթանակներ գրանցեք: Ձեր հաղթանակներից հետո մարմնամարզությամբ զբաղվելու ցանկություն ունեցող տղաների և աղջիկների թիվն ավելանում է, ինչը շատ կարևոր է»:
Ժաննա Անդրեասյանն, անդրադառնալով Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանի վերջին հաղթանակին, նշել է՝ Դավթյանն իր բազմաթիվ մեդալներով ապահովում է այն որակական շեմը, որին պետք է ձգտեն ավելի երիտասարդ մարզիկները.
«Դուք մեզ սովորեցրել եք մշտապես սպասել հաղթանակների և մեդալների: Թե՛ Դուք, թե՛ Վահագնը, առանձնանում եք կայուն մրցելույթներով և շարունակական առաջընթացով: Շատ ուրախ եմ, որ երիտասարդ սերունդը ևս այսքան լավ և ոգևորիչ արդյունքներ է գրանցում»:
ԿԳՄՍ նախարարի ընդգծմամբ՝ կարևոր է, որ Երևանում 2027 թվականին կայանալիք սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնությունում երկրպագուները կկարողանան մեր երկրում հետևել հայ մարմնամարզիկների մրցելույթներին: Ժաննա Անդրեասյանը մարմնամարզիկների գրանցած աննախադեպ արդյունքների կապակցությամբ շնորհակալություն է հայտնել նաև մարզիչներին՝ կատարած անգնահատելի աշխատանքի համար:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը ևս շնորհավորել է մարմնամարզիկներին և կարևորել նրանց կայուն հաջողությունները. «Եթե մի քանի տարի առաջ մենք ունենում էինք առկայծումներ ու անակնկալ հաղթանակներ, ապա այսօր այդ հաջողությունները շատ տրամաբանված են: Դրանց հիմքում ընկած են Հակոբ Սերոբյանն ու իր թիմի անդամները՝ իրենց խանդավառությամբ և նվիրված աշխատանքով»:
Հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար՝ ընդգծելով, որ մարզիկները զգում են պետության մշտական աջակցությունը:
ԿԳՄՍ նախարարի հետ հանդիպման ընթացքում մարմնամարզության ֆեդերացիայի ներկայացուցիչները բարձրացրել են մի շարք հարցեր՝ կապված մարզումային պայմանների, մարզագույքի, ինչպես նաև առաջիկա մրցաշարերին նախապատրաստվելու համար անհրաժեշտ լրացուցիչ ֆինանսավորման հետ:
Մարմնամարզիկների խոսքով՝ պետության կողմից տրամադրվող ֆինանսական աջակցությունը՝ սպորտային նպաստների և անվանական թոշակների տեսքով, ստանում են ժամանակին՝ առանց ուշացումների:
Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ դեռևս կան չլուծված խնդիրներ՝ մարզումային պայմանների բարելավման հետ կապված: ԿԳՄՍ նախարարը հավաստիացրել է, որ մարզիկների բարձրացրած հարցերը պետության ուշադրության կենտրոնում են և կստանան համապատասխան արձագանք և լուծում:
Հիշեցնենք՝ Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականը Թուրքիայում անցկացված Եվրոպայի առաջնությունում 1 ոսկե, 1 արծաթե և 1 բրոնզե մեդալ էր նվաճել;
Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի գործող չեմպիոն Արթուր Դավթյանը հռչակվել էր Եվրոպայի կրկնակի չեմպիոն՝ ոսկե մեդալ նվաճելով հենացատկի վարժությունում: Դավթյանը նաև բրոնզե մեդալ է նվաճել նժույգթափեր վարժությունում: Հայաստանի մյուս ներկայացուցիչ Վահագն Դավթյանը Եվրոպայի փոխչեմպիոն է հռչակվել օղակների վարժությունում:
Ավելի վաղ, հայ երիտասարդ մարմնամարզիկները Թուրքիայում անցկացված աշխարհի երիտասարդական առաջնությունում նվաճել էին 2 ոսկե և 1 արծաթե մեդալ: Հայաստանի հավաքականի կազմում երիտասարդական ԱԱ-ի կրկնակի հաղթող էր դարձել Համլետ Մանուկյանը՝ նժույգթափերի և օղակների վարժությունում: Նժույգթափեր վարժության արդյունքներով առաջնության արծաթե մեդալին արժանացել էր Հայաստանի մյուս ներկայացուցիչ Մամիկոն Խաչատրյանը: Թիմային հաշվարկում Հայաստանի հավաքականը զբաղեցրել էր 4-րդ հորիզոնականը:
Կարծիքներ