Հաստատվել է ՀՀ մշակույթի պահպանության, զարգացման և հանրահռչակման 2023-2027 թթ. ռազմավարությունը

Հաստատվել է ՀՀ մշակույթի պահպանության, զարգացման և հանրահռչակման 2023-2027 թթ. ռազմավարությունը

Կառավարությունը հաստատել է ՀՀ մշակույթի պահպանության, զարգացման և հանրահռչակման 2023-2027 թթ. ռազմավարությունը և դրա կատարումն ապահովող գործողությունների ծրագիրը: Այս մասին հայտնում է ՀՀ կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարարությունը։

Ռազմավարությամբ սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության առաջնահերթություններից և ստանձնած միջազգային պարտավորություններից բխող ոլորտի զարգացման գերակայությունները և վերջիններիս հասնելու արդյունավետ ճանապարհը։

Ռազմավարության հիմքում ընկած է ազգային ինքնության և արժեքների հենքի վրա ստեղծված մշակույթի պահպանումը, զարգացումը, տարածումն ու հանրահռչակումը, ազգային և համամարդկային արժեքների հետ զուգորդումը և հաղորդակցումը: Առաջնային են համարվում համընդհանուր ներառականության ապահովումը, մշակույթի և արվեստի հասանելիությունը, ստեղծարարության, փորձարարական ու նորարարական ձևերի խրախուսումը: Կարևորվել է մշակույթի տնտեսականացումը, կառավարման ժամանակակից համակարգերի ներդրումն ու  կարողությունների զարգացումը, մշակույթի մեկենասության ինստիտուտի ներդրումը, պետություն-մասնավոր համագործակցության փոխշահավետ մեխանիզմների խթանումը, ժողովրդավարական արժեքների գերակայության ամրապնդումը,  աշխարհի մշակութային քարտեզում հայկական մշակույթի դիրքավորումը։

Ըստ այդմ՝ սահմանվում են մշակույթի ոլորտների զարգացման տեսլականը, նպատակները և ակնկալվող արդյունքները՝ ժամանակացույցի համաձայն։ Մասնավորապես, նախատեսվում է ավելացնել ամրակայված, նորոգված և վերականգնված վտանգված պատմության և մշակույթի հուշարձանների թիվը, համալրել ՀՀ թանգարանային առարկաների շտեմարանը: Նախատեսվում է ներդնել թանգարանների և գրադարանների կառավարման նոր ձևաչափ, խթանել ստեղծարար ոլորտները, ապահովել բարենպաստ միջավայր և մրցակցային դաշտ ստեղծագործական ինքնարտահայտման համար, ինչպես նաև նպաստել միջազգային մշակութային գործընթացներին երիտասարդ ստեղծագործողների ինտեգրմանը, մշակույթի և ստեղծարար ոլորտներում ձևավորել պետական խրախուսման մեխանիզմներ և այլն:

Ռազմավարության կարևորագույն ուղերձներն են՝

Մշակույթն ազգային ինքնության կայացման և համընդհանուր արժեքային հենքով միջազգային համակեցության պայման է,

Մշակույթն ազգային անվտանգության ապահովման գրավականն է,

Մշակույթը հայապահպանության երաշխավորն է Սփյուռքում,

Մշակույթն արժեքահեն քաղաքացու կրթության և դաստիարակության գրավականն է, մարդկային կապիտալի զարգացման կարևորագույն պայմանը,

Մշակույթն ազատ քաղաքացու ձևավորման պայման է,

Մշակույթն անձի ստեղծագործական ազատության, ոգեղենության արտահայտման և ինքնադրսևորման միջոց է,

Մշակույթը հանրային համերաշխության և բարեկեցիկ հասարակության ձևավորման երաշխիք է,

Մշակույթը միջազգային համագործակցության ընդլայնման գործոն է:

Ռազմավարությունը կառուցված է մշակութային ժառանգության և ժամանակակից արվեստի բնագավառների համընդգրկուն վերլուծություններին ուղղված գործիքակազմի և մշակույթի՝ որպես կայուն զարգացման ռեսուրսի դիտարկման և օգտագործման համար անհրաժեշտ միջոցառումների առաջարկների հենքի վրա: Ռազմավարությունն ամրագրում է ոլորտի զարգացման տեսլականն ու նպատակները, ինչպես նաև նախանշում է բարեփոխումներից ակնկալվող արդյունքները և ազդեցությունն անհատի և հասարակության վրա։

Ռազմավարության մշակման գործընթացը եղել է առավելագույնս մասնակցային՝ ընդգրկելով մասնագիտական հանրության և միջազգային կազմակերպությունների առաջարկները։ Միաժամանակ, փաստաթղթով ամրագրվում է դրա վերանայման ճկուն համակարգը, ինչը հնարավորություն է ընձեռելու արձագանքել հարափոփոխ մարտահրավերներին և ունենալ բավարար ճկունություն ճգնաժամային իրավիճակներում։ Առանցքային խնդիր է դիտարկվում հանրային լայն հաղորդակցումը՝ միտված մասնակցության ու հաշվետվո­ղականության սկզբունքների պահպանմանը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում