Իրավիճակը օրեցօր ծանրանում է․ ԱՀ նախագահը բացառիկ հարցազրույցի է պատրաստվում

Իրավիճակը օրեցօր ծանրանում է․ ԱՀ նախագահը բացառիկ հարցազրույցի է պատրաստվում

Արցախում անվտանգային ու հումանիտար իրավիճակը օրեցօր ծանրանում է, իսկ Ադրբեջանը խստացնում է վտանգներն ու սահմանափակությունները մեր ժողովրդի նկատմամբ, որի վերջին դրսևորումը եղավ միջազգային մարդասիրական իրավունքի պաշտպանության տակ գտնվող Վագիֆ Խաչատրյանի առևանգումը ապօրինի անցակետից: Մյուս կողմից, որոշակի ակտիվացում է նկատվում իրավիճակի կարգավորման նպատակով իրականացվող միջազգային ջանքերում:

Այս մասին հայտարարություն է տարածել ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը, որում նաև ասված է․

«Ամփոփելով այս օրերին մեր և միջազգային կոնկրետ դերակատարների կողմից իրականացվող որոշ գործընթացների միջանկյալ արդյունքները՝ ես նախատեսում եմ մի քանի օրից բացառիկ հարցազրույց տալ Արցախի հանրային հեռուստատեսությանը: Այդ միջոցով հնարավորինս բաց կերպով կներկայացնեմ իրավիճակը, ռիսկերն ու հեռանկարները: Այնուհետև, բոլոր ակտիվ քաղաքական շրջանակների հետ կսկսեմ խորհրդակցություններ՝ մեր անելիքները քննարկելու և համապատասխան որոշումներ կայացնելու նպատակով:

Մենք հույս ունենք, որ Ադրբեջանի կողմից իրականացվող ցեղասպանական քաղաքականությունը օր առաջ կդադարեցվի միջազգային գործուն ու խիստ միջամտության արդյունքում:

Դրան զուգահեռ մենք միշտ բաց ենք խաղաղ ու բանակցային ճանապարհով քննարկելու բոլոր հիմնախնդիրները և գտնելու լուծումներ, սակայն դրա համար նույնպես անհրաժեշտ են միջազգային պատշաճ ներգրավվածություն ու երաշխիքներ»:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում